Search
Close this search box.

Մինչև երկաթգծի լիարժեք վերականգնումը միջանկյալ լուծումը գործի կդրվի․ Սանոսյան

Էժան ավիատոմսեր դեպի Եգիպտոս և Դուբայ

Դեռևս դժվար է ասել, թե որքան ժամանակ կպահանջվի երկաթգծի ամբողջական վերականգնման համար։ Այսօր Ալավերդու համայնքապետարանում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

Ավելի վաղ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ն հայտնել էր, որ Լոռու մարզում գետերի վարարման հետևանքով երկաթուղային գծերը վնասվել են 8 տեղերում՝ մինչև 2 կիլոմետր ընդհանուր երկայնքով:

«Ակտիվ աշխատում ենք։ Մենք ասել ենք, որ շինարարական ընկերություններով, պետական միջոցներով պատրաստ ենք աջակցել, որ օր առաջ հնարավոր լինի վերականգնել աշխատանքը»,- ասաց Սանոսյանը։

Նրա խոսքով՝ այս պահին միջանկյալ լուծում է գտնվել, որ երկաթուղին աշխատի մինչև «Այրում» կայարան։ Այնտեղից արդեն հնարավոր կլինի բեռնատարներով բեռները կամրջով տեղափոխել տարբեր տարածքներ։

«Այս պահին այս կամրջի հարակից հատվածներում կատարվում են շինարարական աշխատանքներ, և կամուրջը նախապատրաստվում է, որ բեռնատարները կարողանան անցնել»,- ասաց նախարարը։

Նա նշեց՝ հարցը քննարկվել է տարբեր մասնագետների հետ, և այս պահին այլ՝ ավելի լավ լուծում չի գտնվել։

Նա հիշեցրեց, որ երկաթգիծը վնասվել է նաև Վրաստանի տարածքում, սակայն այնտեղ պատճառված վնասը քիչ է։ Ակնկալվում է, որ 2-3 օրում Վրաստանի տարածքում խնդիրը կկարգավորվի։

Նշենք, որ ինչպես հայտնում են ՀԿԵ-ից, ներկայում իրականացվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումն ու կապը: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ մշակվում են երկաթուղու աշխատանքի ժամանակավոր սխեմաներ:

Հիշեցնենք` մայիսի 26–ի գիշերը տեղատարափ անձրևի պատճառով Լոռու և Տավուշի մարզերում Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման հետևանքով 4 մարդ է մահացել։

Որոշում է կայացվել Լոռու և Տավուշի մարզերի տուժած բնակավայրերը հայտարարել աղետի գոտի և մարզպետարաններին 300 մլն դրամ հատկացնել հեղեղումների հետևանքները վերացնելու համար։