Search
Close this search box.

ՌԴ ԱԳՆ-ն՝ Ներքին Հանդում գտնվող սահմանապահների մասին. Հայաստանի ԱԽ քարտուղարը խեղաթյուրում է փաստերը

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հերթական անգամ խեղաթյուրում է փաստերը: Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի հայտարարությունը սահմանամերձ Ներքին Հանդ գյուղի մոտ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ, որ «չնայած ռուս զինվորականների ներկայության Սյունիքի Ներքին Հանդ գյուղի մոտ, ռուսական կողմը չի կարողացել կանխել վերջին միջադեպը»։

«Մենք բացառապես բացասական ենք գնահատում նման հայտարարությունները։ Սա առաջին անգամը չէ, որ Անվտանգության խորհրդի քարտուղարը խեղաթյուրում է փաստերը, պարզապես, կարծում եմ, Արևմուտքում որևէ մեկին հաճոյանալու համար։ Միգուցե մենք կարող ենք ինչ-որ պատճառներ գտնել Ռուսաստանին քննադատելու համար։ Ներքին Հանդի տարածքում ռուս զինվորականներ չկան: Այնտեղ, հայկական կողմի հետ պայմանավորվածության համաձայն, 2021 թվականին տեղակայվել է ԱԴԾ սահմանային ծառայության դիրք։

Բայց միևնույն ժամանակ, այժմ, ինչպես գիտենք, Հայաստանում հետաքննություն է տարվում սահմանագոտում սադրանքները կանխելու և զսպվածություն պահպանելու հրամանի կատարման վերաբերյալ։ Ռուս սահմանապահներին նսեմացնելու փորձերը համարում ենք հակաարդյունավետ, քանի որ նրանք 30 տարի հսկում են հանրապետության սահմանները և բազմիցս ապացուցել են իրենց պահանջված լինելը։

Ի տարբերություն մեր սահմանապահների, ԵՄ կեղծ դիտորդները չեն անում այն, ինչի համար այնտեղ են: Նրանց հիմնական զբաղմունքը Ռուսաստանի և Իրանի հետախուզական գործունեությունն է։ Եվ, իհարկե, մի փոքր ինքնափիար»,- ասել է Զախարովան։