Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախցիները բողոքի ակցիա են անցկացրել գեներալ-մայորի տան առաջ

Երեկ, Արցախից բռնի տեղահանված տասնյակ քաղաքացիներ «Երիտասարդական» մետրոյի հարևանությամբ գտնվող բարձրահարկ էլիտար շենքի բակում՝ Արցախի հերոս, հադրութցի գեներալ-մայոր Արթուր Աղաբեկյանի տան առաջ, իրականացրել են բողոքի ակցիա:

Oragir.News-ի հետ զրույցում «Աջակցություն արցախահայությանը» հասարակական կազմակերպության համահիմնադիր Հովիկ Մայիլյանը նշել է, որ արցախյան վերջին՝ սեպտեմբերյան դեպքերից հետո, ստեղծված հասարակական կազմակերպությունը առաջնային օգնություն է ցուցաբերում վերջին պատերազմում զոհված և բենզինի պահեստի պայթյունի հետևանքով մահացած անձանց ընտանիքներին:

«Ըստ մեր կանոնադրության ու նպատակների՝ առաջնային գործոն ենք համարել դիմել Արցախում պաշտոնավարած, բիզնես վարած այն անձանց, որոնք ֆինանսապես կայուն վիճակում են գտնվում և կարող են ինչ-որ ձևով օգնության ձեռք մեկնել մեր ժողովրդին»,- ասել է նա:

Մայիլյանն իր խոսքում նշել է նաև, որ քանիցս նամակներ են ուղղել Արցախի հերոս, գեներալ-մայոր Արթուր Աղաբեկյանին, սակայն ինչ-ինչ պատճառներով չեն կարողացել հանդիպել իր հետ. «Ճիշտն ասած՝ մենք սպասում էինք, որ մեր գեներալներն ու մեր հերոսները պետք է մեզ ինչ-որ գաղափարի շուրջ համախմբեին այսքան ժամանակ, որ մեր ժողովուրդը իրեն մենակ չզգա այս նեղության պահին»:

Մայլիլյանը իր խոսքում նաև շնորհակալություն է հայտնել Հայաստանում և սփյուռքում գտնվող մեր հայրենակիցներին, որոնք գումարներ են հատկացրել՝ օգնության նպատակով:
«Իրենց նվիրատվությունների շնորհիվ էլ մեր հասարակական կազմակերպությունը կարողացավ օգնել 260 ընտանիքի»,- նշել է նա։