Search
Close this search box.

Ադրբեջանցիները 25 մեքենայով զինվորներ են տեղափոխել Ներքին Հանդի ուղղությամբ. ինչ է իրականում կատարվել Ներքին Հանդում. Hraparak

Hraparak.am-ը գրում է. ՀՀ Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց այն մասին, որ այսօր՝ 05.30-ից սկսած Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմն ունի չորս զոհ և մի քանի վիրավոր։
«Հրապարակին», սակայն, դեռևս փետրվարի 12-ի օրվա առաջին կեսին տեղեկություններ էին հասել այն մասին, որ Սարուշեն բնակավայրի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերից մեկում ամրաշինական աշխատանքներ են կատարվել, և ադրբեջանական կողմը կրակ է բացել՝ աշխատանք կատարող հայ դիրքապահների ուղղությամբ։

Այդ պահին այնտեղ մարտական հերթապահություն իրականացնող ԵԿՄ անդամներից մեկը պատասխան կրակ է արձակել, ինչի հետևանքով ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել։ Հայ զինծառայողը փորձել է պատասխան կրակով լռեցնել թշնամուն՝ աշխատանք կատարող մարտական ընկերներին պաշտպանելու համար։

ՀՀ ռազմական ոստիկանությունը շտապեց հաղորդագրություն տարածել․«Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Կապան-Զանգելան հատվածում ս/թ փետրվարի 12-ին հայաստանցի դիրքապահների կողմից կրակ բացելու մասին հետաքննվում է»։

Մեզ հասած տեղեկություններով, շատ օպերատիվ կերպով, միջադեպից կարճ ժամանակ անց ռազմական ոստիկանությունը շտապել է բարձրանալ դիրք՝ ձերբակալելու պատասխան կրակ արձակած հայ կամավորականին։ Ռազմական ոստիկաններին, սակայն, դիրք բարձրանալ չի հաջողվել։

ՊՆ-ն բավարարվել է միայն ադրբեջանական կողմի սուտ տեղեկատվությունը հերքելով, չնշելով, որ առաջինը հենց ադրբեջանական կողմն է կրակ բացել հայկական դիրքերի ուղղությամբ։

Փետրվարի 12-ի-ին՝ 22։15-ի դրությամբ մարտական հերթապահություն իրականացնողները նկատել են, որ Ներքին Հանդի դիրքերի ուղղությամբ թշնամական կողմը մոտ 25 մեքենայով զինվորների նոր խումբ է տեղափոխում։ Տեղեկությունն այդ մասին մարտական հերթապահություն իրականացնողները փոխանցել են հրամանատարական կազմին։

«Հրապարակը» կապ հաստատեց ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանի հետ՝ այս տեղեկությունների հետ կապված մանրամասներ իմանալու համար։ Նա ասաց, որ այս պահի դրությամբ կրակը դադարել է, իսկ Ներքին Հանդի ուղղությամբ հայկական դիրքի հետ կապը կա։

«Հաղորդագրություններից զատ որևէ տեղեկություն այս պահին չենք կարող հաստատել»,-ասաց Թորոսյանը։