Search
Close this search box.

«Քաղաքապետի մերձավորները կաֆեներում հանդիպում են խոշոր կառուցապատողների հետ, դա կոռուպցիոն ռի՞սկ է, թե՞ արդեն կոռուպցիա է». Վիկտոր Մնացականյան

ԱԺ-ում կազմակերպված «Երեւանը եւ կոռուպցիան» թեմայով քննարկման ժամանակ «Հաղթանակ» կուսակցության նախագահ, Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանն ասաց, որ Երեւանի հիմնական խնդիրներն առաջանում են վատ կառավարման եւ կոռուպցիոն ռիսկեր կրող գործողությունների հետեւանքով. «Այստեղ հետաքրքրությունների կոնֆլիկտի եւ շահերի բախման հարց կա: Պարոն Չախոյանը ներկայացրեց, որ այն պատասխանատուն, որը Երեւան քաղաքի շինբարեկարգման վարչության պետն է, տվյալ դեպքում պարզվում է՝ մարդը ինչ-որ բարեկամական կապերով կապված է ինչ-որ տենդերներ շահողների հետ: Նույն խոսակցությունները մամուլից պարբերաբար լսում ենք քաղաքապետի եւ այլ պաշտոնատար անձանց բարեկամների կամ մերձավորների հետ կապված:

Ո՞նց է դա կոչվում, երբ մենք տեսնում ենք, օրինակ, քաղաքապետի մերձավորները կաֆեներում հանդիպում են խոշոր կառուցապատողների հետ: Դա շահերի բախում է, հետաքրքրությունների կոնֆլիկտ է, դա ի՞նչ է, կոռուպցիոն ռի՞սկ է, թե՞ դա արդեն կոռուպցիա է: Ես հույս ունեմ, մի օր այդ ամբողջը կբացահայտվի»: Վիկտոր Մնացականյանն ասաց, որ երբ ընդդիմադիրները բացահայտում են, իրենց դեմ ինչ-որ պատմություններ են սարքում. «Աղբահանության հիմնարկի պետը եղավ Մալաթիա վարչական շրջանի ղեկավարը: Հասարակությունն այդպես էլ չիմացավ՝ ինչի են թաղապետին ազատել աշխատանքից, հետո նշանակեցին խորհրդական, հետո ինչի՞ համար իրեն էլի հետ բերեցին աղբահանության, արդյոք ինքը փորձ ունե՞ր»: