Search
Close this search box.

Մոսկվան երաշխիքներ է պահանջում, իսկ Փաշինյանն ասում է՝ Երևանում Պուտինին ձերբակալողն ինքը չէ

Ռուսաստանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան հնարավոր այցից առաջ պետք է որոշակի հավաստիացումներ ունենա հայ գործընկերներից ՄՔԴ-ին միանալու հետ կապված, այդ հարցը պետք է լուծել, ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Մենք արդեն ասել ենք, որ, անշուշտ, նոր իրողությունը՝ կապված միջազգային ստատուտին Հայաստանի միանալու հետ, իհարկե, չի կարող չունենալ բացասական ազդեցություն մեր երկկողմ հարաբերությունների վրա։ Իհարկե, այստեղ շատ կարեւոր է ստանալ մեր հայ գործընկերների որոշակի հավաստիացումները։ Այդ հարցը դեռ պետք է լուծվի երկկողմ երկխոսության շրջանակում, ինչին էլ մենք տրամադրված ենք»,- ասել է Պեսկովը լրագրողներին։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը The Telegraph-ի մեկնաբան Ռոլանդ Օլիֆանթի հետ հարցազրույցի ժամանակ այդպես էլ հստակ չպատասխանեց հարցին՝ եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանի Երևան, նրան կձերբակալե՞ն։

Հայաստանը 12 օր առաջ է պաշտոնապես միացել Միջազգային քրեական դատարանին։ Հռոմի ստատուտին միանալու քայլը հավելյալ լարվածություն էր առաջացրել Երևանի ու Մոսկվայի հարաբերություններում, քանի որ հենց այս դատարանն է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր տվել։

Բրիտանական պարբերականի լրագրողի շատ ուղիղ հարցին Հայաստանի վարչապետը պատասխանեց շատ հեռվից՝ Հռոմի ստատուտին միանալու գործընթացը սկսվել է 2022 թվականի դեկտեմբերին, և այդ որոշումը կախված է եղել Հայաստանի անվտանգային միջավայրի փոփոխությունների գնահատմամբ, ըստ որի՝ անվտանգության համակարգում որոշակի ճեղքեր են առաջացել:

«Դա իրավական խնդիր է, քաղաքական հարց չէ, որը ես պետք է քննարկեմ և որին պետք է արձագանքեմ», — ասաց նա:

Ռոլանդ Օլիֆանթն, այդուհանդերձ, փորձեց ևս մեկ անգամ հասկանալ՝ ի՞նչ կանի Հայաստանի ոստիկանությունը, եթե Պուտինը ժամանի Հայաստան։

«Հայաստանի Հանրապետությունում վարչապետն ունի իր լիազորությունները, այդ լիազորությունների մեջ երբեք ոչ մի պայմաններում և որևէ պարագայում չի մտնում հարցի լուծումը՝ այդ մարդուն պետք է ձերբակալել, թե պետք չի ձերբակալել», — ասաց նա։