Search
Close this search box.

ՌԴ-ից արձագանքել են Պուտինի հնարավոր ձերբակալման մասին Փաշինյանի հայտարարություններին

Կրեմլում հայտարարել են, որ ակնկալում են եւ տրամադրված են Երեւանի կողմից որոշակի հավաստիացումներ ստանալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալման միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) օրդերի կատարման հարցում:

Լրագրողների խնդրանքով մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ ինքը չէ, որ որոշում է ՄՔԴ-ի պատժամիջոցներով ՌԴ նախագահի հնարավոր ձերբակալման հարցը, պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է. «Իհարկե, այստեղ շատ կարեւոր է որոշակի հավաստիացումներ ստանալ մեր հայ գործընկերներից։ Այդ հարցը դեռ պետք է լուծվի երկկողմ երկխոսության շրջանակներում, ինչին էլ մենք տրամադրված ենք»։

Ճշտող հարցին, թե ինչպես կզարգանա իրավիճակը Հռոմի ստատուտին Հայաստանի միանալու հետ կապված՝ ՄՔԴ իրավասության ճանաչման վերաբերյալ, և արդյոք դրանից հետո Ռուսաստանի նախագահը կարող է այցելել Հայաստան, Կրեմլի ներկայացուցիչը պատասխանել է. «Մենք արդեն ասել ենք, որ, անշուշտ, նոր իրողությունը, որը կապված է այդ միջազգային ստատուտին Հայաստանի միանալու հետ, չի կարող բացասական ազդեցություն չունենալ մեր երկկողմ հարաբերությունների վրա»:

Նախօրեին Փաշինյանը հայտարարել էր, որ իր երկրում միայն դատական մարմինները կարող են իրավական բնույթի այս կամ այն որոշում կայացնել՝ նշելով, որ վարչապետը չէ, որ որոշում է՝ ում կալանավորել, ում՝ ոչ։