Search
Close this search box.

Վախ ունե՞ք, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև կարող է սկսվել 3-րդ պատերազմը. հարց Փաշինյանին

Ինչ վերաբերում է տարածքաշրջանային ապակայունացմանը և դրան ուղղված քայլերին, իհարկե, ցանկացած բանական մարդու մոտ դա առաջացնում է մտավախություններ: Այս մասին The Telegraph-ի միջազգային մեկնաբան Ռոլանդ Օլիֆանթին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե վախ ունի, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև կարող է սկսվել 3-րդ պատերազմը:

«Վախը ճիշտ բառ չէ օգտագործելու համար, որովհետև Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական, զարգացող պետություն է և Հայաստանի Հանրապետությունը, ինչպես արդեն ասացի, իրականացնում է լայնածավալ բարեփոխումներ իր երկրի դիմակայունությունը բարձրացնելու համար, և իմիջիայլոց, վերջին տարիներին կարծում եմ միջազգային հանրությունը տեսավ և մեր հանրությունն էլ տեսավ, որ մեր երկրի դիմակայունությունն էականորեն բարձրացել է: Մենք շարունակում ենք բարեփոխումների ճանապարհը Հայաստանի դիմակայունությունը մեծացնելու և բարձրացնելու վերաբերյալ: Ինչ վերաբերում է տարածքաշրջանային ապակայունացմանը և դրան ուղղված քայլերին, իհարկե, ցանկացած բանական մարդու մոտ դա առաջացնում է մտավախություններ»,- ասել է նա:

Փաշինյանն ասել է, որ պետք է արձանագրել ՀՀ եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների միջպետական բնույթը. «Թեպետ մենք դիվանագիտական հարաբերություններ չունենք՝ ես պարտավոր եմ հղվել մեր կողմից ստորագրված փաստաթղթերի վրա: Ես արդեն ասացի, որ մենք Ադրբեջանի հետ ունենք ստորագրած փաստաթուղթ՝ ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման վերաբերյալ: Եթե այս տրամաբանությամբ նայենք և եթե Ադրբեջանը չի հարգում կամ չպիտի հարգի իր իսկ կողմից ստորագրած փաստաթղթերը, ուրեմն Ադրբեջանը կարող է հարձակվել ցանկացած երկրի վրա, ինչո՞ւ միայն Հայաստանի վրա: Նայեք Ադրբեջանի շուրջը, եթե ինքն իր միջազգայնորեն ստանձնած պարտավորությունները չի հարգում, ուրեմն կարող է ցանկացած իր հարևան երկրի վրա հարձակվել, եթե այդպես է»:

Օլիֆանթի հարցին, որ եթե Փաշինյանը ստանա այդ միջազգային երաշխիքները, հավատո՞ւմ է Ալիևին, որ վերջինս կպահի այդ պարտավորությունները, Փաշինյանն ասել է.

«Ես հավատում եմ Աստծուն և ես կարծում եմ, որ յուրաքանչյուր իրեն հարգող պետություն պետք է հետևի իր ստանձնած պարտավորություններին»: