Search
Close this search box.

ՌԴ-ն պատրաստ է շարունակել նախաձեռնող դեր խաղալ հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացում. Կոպիրկին

Ռուսաստանը վճռականորեն հայտարարում է այն մասին, որ պատրաստ է շարունակել ակտիվ, նախաձեռնող դեր խաղալ հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացում, «Радио Sputnik»-ի հարցազրույցում ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Մենք շահագրգռված ենք, որպեսզի կարգավորումը ձեռք բերվի, որպեսզի ստորագրվի խաղաղության պայմանագիր, ընդ որում՝ այնպիսի պայմանագիր, որը կհամապատասխաներ երկու կողմերի շահերին։ Եվ Ռուսաստանը վճռականորեն հայտնում է, որ պատրաստ է շարունակել ակտիվ, նախաձեռնող դեր խաղալ այդ գործընթացում։ Բնականաբար, կողմերը պետք է որոշեն։ Դա նրանց ինքնիշխան իրավունքն է՝ որոշել այդ խաղաղության գործընթացի ձեւաչափը, բայց դրան աջակցելու եւ ակտիվ դեր խաղալու մեր պատրաստակամությունը հստակ հաստատվում է բոլոր մակարդակներում, այդ թվում եւ խաղաղության պայմանագրի վերաբերյալ հայ-ադրբեջանական բանակցությունների համար հարթակ տրամադրելու առումով»,- ասել է ՌԴ դեսպանը։

Սերգեյ Կոպիրկինի խոսքով՝ Ռուսաստանի դերը սկզբից եւեթ հիմնարար էր հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում։

«Բազային սկզբունքները, որոնք որոշում են խաղաղության գործընթացի ընթացքը, դրվել են ռուսական մասնակցությամբ, եռակողմ այն պայմանավորվածություններում, որոնք ձեռք են բերվել՝ սկսած 2020թ. նոյեմբերից, երբ վճռական չափով Ռուսաստանի Դաշնության եւ անձամբ Ռուսաստանի նախագահի ջանքերով կանգնեցվեց ողբերգական պատերազմը, եւ երբ ձեւակերպվեցին, անշուշտ, շատ բարդ, բայց այդ իրավիճակի համար միանգամայն հասկանալի եւ համարժեք պայմանավորվածություններ կարգավորման մասին։ Եվ ես պետք է ասեմ, որ Արեւմուտքը, որը շատ բան արեց, որպեսզի «իրենով անի խաղաղության գործընթացը», ըստ էության ոչ մի նոր բան կարգավորման սկզբունքների առումով չբերեց։ Ըստ էության, փորձ արվեց յուրացնել այն, ինչ արվել էր Ռուսաստանի Դաշնության մասնակցությամբ եւ ակտիվ դերով։ Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը միանշանակ է, այն չի փոխվում»,- նշել է նա։