Search
Close this search box.

ՔԿ խոսնակն արձագանքել է Դանիել Իոաննիսյանին

«Տարածվող տեղեկատվությունը, որ 2023թ․ դեկտեմբերի 19-ին Սևանա լճում մի խումբ անձանց կողմից «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների ծառայողական գործունեությանը բռնության զուգորդմամբ խոչընդոտելու, խուլիգանության դեպքի վերաբերյալ վարույթով որպես մեղադրյալ անցնող անձանցից միայն մեկն է անազատության մեջ, չի համապատասխանում իրականությանը»,-նման հայտարարություն է տարածել ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը՝ արձագանքելով «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի հայտարարությանը։

ՔԿ ներկայացուցչի փոխանցմամբ, նշված վարույթով քրեական հետապնդում է հարուցված 5 անձանց նկատմամբ, որոնցից 4-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը և նրանք կալանավորված են։ Մեկ անձի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելքի խափանման միջոցը։

«Հ․Գ․ Բարեխղճությունը ենթադրում է տեղեկատվություն հրապարակելուց առաջ նախ կատարել անհրաժեշտ ճշտումներ։ Համենայնդեպս փաստերի ստուգման ոսկե կանոններից մեկը հենց դա է։
Գուցե այդ դեպքում նույն բարեխղճությունը թույլ չտար սխալ տեղեկատվության հիման վրա անպատեհ և անհիմն որակումներ տալ իրավասու մարմիններին»,-նշել է նա։