Search
Close this search box.

Լևոն Քոչարյանը հնարավոր է համարում, որ նորից կսկսեն փողոցային պայքարը

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի կարշիքով ընդդիմությունը հասարակության «աչքերը բացելու» խնդիր ունի ու հիմա դա են անում:

«Ինչքանո՞վ է դա արդյունավետ` կարող են տարբեր գնահատականներ հնչել», — ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Պատգամավորը հնարավոր է համարում, որ նորից կսկսեն փողոցային պայքարը:

Հարցին` եթե Սահմանադրության փոփոխության մասով հնարավոր լինի՝ հայ ժողովուրդը կգնա՞ ու «այո» քվեարկի Նիկոլ Փաշինյանի բերած Սահմանադրությանը` Լևոն Քոչարյանը պատասխանեց, թե իրենից կախված ամեն ինչ կանի, որ այդպես չլինի:
Լևոն Քոչարյանի համար անհասկանալի է նաև, թե ինչու են երեկ իրեն ու ընկերոջը` Սերգեյ Ասատուրովին նորից կանչել Քննչական կոմիտե ու մեղադրանք առաջադրել Ասատուրովին:

«Որոշ մասով մեղադրանքի նկարագրության փոփոխություն եղավ, դա արեցին, ծանոթացրեցին, նորից հարցաքննություն արեցին, գործը փակեցին ու ուղարկեցին դատարան», — ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանը:

Այն ամենը, ինչ տեղի է ունենում այս գործով, Քոչարյանն աբսուրդ է որակում:

«Հայաստանի հարկատուները գումար են վճարում դատախազներին, քննիչներին, որ այսպիսի աբսուրդով զբաղվեն, ուղղակի ծիծաղելի է», — նշեց նա:

Նրա խոսքով՝ ոստիկանները կեղծ ցուցմունք են տվել, թե, իբր, ինքը ծեծել է ոստիկաններին:
«Բայց ֆիքսվել են իմ մարմնական վնասվածքները, չնայած դրան` չկա ոչ մի ոստիկան, որին մեղադրանք առաջադրված լինի», — ասաց պատգամավորը:

Սերգեյ Ասատուրովին առաջադրվել է նույն մեղադրանքը, ինչ Քոչարյանին:

«Իմ վրա գոնե կեղծ ցուցմունք կա, իր վրա դա էլ չկա, աբսուրդ է», — ընդգծեց Լևոն Քոչարյանը:

Քաղաքական առումով Քոչարյանը հավանական է համարում, որ իրեն նորից կկալանավորեն․ «Իսկ իրավական առումով աբսուրդ է, որ նման բան լինի»: