Search
Close this search box.

Խնդրում ու պահանջում ենք փոխել ընտրված խափանման միջոցը. հայտարարություն

«Սիներջի» ընկերության հիմնադիր Աշոտ Հովհաննիսյանի, ընկերության աշխատակցուհի Լիլի Մկրյանի և նախկին աշխատակցուհի Անի Գևորգյանի խափանման միջոցը որպես կալանավորում ընտրելը ցնցել է ամբողջ բիզնեսը, այդ թվում նաև ՏՏ ոլորտը։ Մեր հարգարժան գործընկերների հետ պատահածը որակում ենք որպես անհամաչափ խիստ խափանման միջոցի կիրառում և հավաստիացնում, որ մեր գործընկերներն անմեղ են։ Այս մասին հայտարարություն է տարածել «Սիներջի» ընկերությունը:

«Այսօր նրանք մեղադրվում են տեղի չունեցած, չշահած և իրավական ուժ չստացած մրցույթի շրջանակում խախտումներ կատարելու մեջ։ Հարկ է նշել, որ չկնքված պայմանագրով որևէ ֆինանսավորում կամ առավել ևս վճարում չի կատարվել, հետևաբար պետությանը չէր էլ կարող որևէ վնաս հասցվել։ Ավելին՝ հասկանալի չէ, թե որքանով է չափելի կամ ինչ սկզբունքով է հաշվարկվել պետությանը «հասցված» վնասի չափը։ Մինչդեռ իրական վնաս՝ և՛ բարոյական, և՛ առողջական, և՛ հոգեբանական կրում են մեր գործընկերները։ Այս ամենը լրջորեն արատավորում է նաև մեր գործարար համբավը։

Մեր սահմանած նշաձողը մշտապես եղել է բարձր որակը, առողջ մրցակցությունը, միջազգային բարձր չափորոշիչներին համապատասխանությունը։ Եվ այս համատեքստում ևս գործել ենք նույն սկզբունքով։ Հիշեցման կարգով նշենք, որ Աշոտ Հովհաննիսյանը ՏՏ ոլորտում հսկայական ներդրում ունի ոչ միայն իր հայրենիքում, այլև դրա սահմաններից դուրս։ Նրա ստեղծած ընկերությունն ավելի քան 25 տարի ՏՏ լուծումներ է տրամադրում և գովասանքի արժանանում աշխարհի 85-ից ավելի երկներում, համագործակցում համաշխարհային հեղինակավոր կազմակերպությունների հետ։

Անվիճելի է, որ ընկերությունը զգալի ավանդ է ունեցել և շարունակում է ունենալ նաև ՀՀ-ում ՏՏ ոլորտի կայացման և հետագա զարգացման գործում՝ հարյուրավոր նոր աշխատատեղեր ու մասնագիտացումների հնարավորություններ ստեղծելով։

Կրկին շեշտում ենք մեր գործընկերների անհասկանալի և անհիմն կալանավորման հանգամանքը։ Արդյոք այդքան լուրջ վտանգ էին ներկայացնում հասարակության կամ գործի քննության համար այդ բարեխիղճ ու արդարամիտ մարդիկ, որ ավելի մեղմ խափանման միջոց չի կիրառվել, երբ բազմաթիվ ծանր հանցանքների դեպքեր կան, որոնցում տնային կալանքն է կիրառվում որպես խափանման միջոց։

Մենք միշտ մեծ հպարտությամբ ու պատվով ենք ներկայացրել Հայաստանը համաշխարհային տարատեսակ հարթակներում, հպարտացել մեր տեխնոլոգիական լուծումներով և բարձր գնահատականի արժանացել մեր հաճախորդների կողմից։ Սիներջի ընկերությունն այսուհետ կրկնակի եռանդով է շարունակելու բարձր պահել մեր պետության շահերը, հզորացնել ու զարգացնել այն, գործել ազնիվ ու արդար և աշխարհի առջև բացել ՏՏ ներուժի նոր հեռանկարներ։

Մենք լիովին կողմնակից ենք արդարադատության կայացմանը և մեր պատրաստակամությունն ենք հայտնում աջակցելու իրականացվող քննությանը բոլոր փուլերում, բայց նաև խնդրում ու պահանջում ենք փոխել ընտրված խափանման միջոցը՝ կիրառելով օրենքով սահմանված ավելի մեղմ տեսակ»,- նշված է հայտարարության մեջ։