Search
Close this search box.

Վահագն Ալեքսանյանը՝ Ալեն Սիմոնյանին՝ ԱԺ նախագահի պաշտոնից հեռացնելու մասին

Ես միայն կարող եմ ասել, որ Հայաստանում ոչ մի պարագայում կոռուպցիան տեղ չունի. ես ինքս ինձ համարում եմ կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկներից: Այս մասին այսօր՝ փետրվարի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով էկոնոմիկայի նախարարությունում աղմկահարույց զարգացումներին եւ կալանավորումներին:

«Պետք է սպասել, որպեսզի համապատասխան մարմինները տան իրենց եզրակացությունը, նախ քննչական մարմինները, հետո դատարանները, հետո անել եզրակացություններ»,-ասաց նա:

Հարցին՝ ինչո՞վ է բացատրում այն, որ էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանին տնային կալանք տվեցին, իսկ Ալեն Սիմոնյանի եեղբոր կնոջը, որ երկու անչափահաս երեխաների մայր է, կալանավրեցին, ՔՊ-ական պատգամավորը պատասխանեց. «Այդ հարցով թույլ տվեք չմեկնաբանել, որովհետեւ ինչպես դատարանի այլ որոշումները չեմ կարող մեկնաբանել, օրինակ, մի շարք ընդդիմադիր գործիչների մասին, թե ինչու մեկին կալանք, մյուսին ոչ կալանք, նույնն էլ այս պարագայում է, ես չեմ կարող եւ իրավասու էլ չեմ մեկնաբանել»:

Դիտարկմանը, որ հնարավոր է Ալեն Սիմոնյանը հեռանա ՔՊ-ի քաղաքական թիմից, նաեւ ԱԺ նախագահի պաշտոնից, Վահագն Ալեքսանյանն ասաց. «Ալեն Սիմոնյանը ՔՊ վարչության անդամ է, ՀՀ ԱԺ նախագահն է, մեր թիմակիցն է, եւ մեր թիմը իր հետ ոչ մի խնդիր չունի: Երեկ չենք հանդիպել, բայց ձեր ասածը, թե թիմն իր հետ խնդիր ունի, բացարձակապես չի համապատասխանում իրականությանը»։

Ինչ վերաբերում է տեսակետին, որ իշխանությունն ըստ էության, չի խնայել Ալեն Սիմոնյանին, որով մեսիջ են ուղարկում իշխող ուժի մնացած անդամներին, ՔՊ-ական պատգամավորն արձագանքեց. «Ի՞նչ է նշանակում՝ չեն խնայել Ալեն Սիմոնյանին: Ես չեմ պատրաստվում մեկնաբանել դատարանի որոշումները: Եթե իրավապահների գործում անօրինական ինչ-որ բան կա, դա միանշանակ ինչ-որ կերպ կբացահայտվի»:

Հիշեցնենք, որ էկոնոմիկայի նախարարությունում երկու օր առաջ 7 անձ է ձերբակալվել, այդ թվում մեկ օր առաջ էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնից ազատված Անի Իսպիրյանը: Ձերբակալվել է նաեւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գեւորգյանը:

Էկոնոմիկայի նախարարությունում ձերբակալություններից հետո ձերբակալվել են նաև IT ամենահայտնի կազմակերպություններից մեկի` «Սիներջիի» մի խումբ աշխատակիցներ։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Աշոտ Հովհաննիսյանը եւ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գեւորգյանը կալանավորվել են: Իսկ էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք: