Search
Close this search box.

Ես իմ որոշումը կասեմ վարչապետին, կստանձնեմ դրա պատասխանատվությունը. Վահան Քերոբյան

Մի բան է, որ մարդուն մեղադրում են անփութության մեջ, ուրիշ բան է, որ ասում են՝ սա կոռուպցիա է. կոռուպցիան հստակ երեւույթ է. կամ դու կաշառք ես վերցրել, կամ քո բարեկամի համար ինչ-որ բան ես արել: Այս մասին նախօրեին Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով Էկոնոմիկայի նախարարությունում վերջին սկանդալային զարգացումներին:

«Անփութությունը լրիվ ուրիշ մեղադրանք է եւ լրիվ ուրիշ պատժի չափ»,-ասաց նա:

Հարցին՝ դուք բացառո՞ւմ եք, որ այս գործում եղել է կոռուպցիա, նախարարը պատասխանեցվ. «Ես չեմ բացառում ոչ մի բան, բայց այս պահի դրությամբ այն մեղադրանքները, որոնք ներկայացվում են, իրենց տակ դրված փաստեր չունեն: Ասում են՝ առերեւույթ կոռուպցիա, բայց չեն ասում, թե այդ կոռուպցիայի բնույթն ինչպիսին է: Այսինքն չեն ասում՝ կաշառք կա, թե չկա:

Ընդ որում, ես ձեզ պետք է ասեմ, որ Անի Իսպիրյանի դրվագով, ընդհանրապես բյուջեի միջոցներ չեն ծախսվել, այսինքն թե ինչ վնասներ է հասցվել պետությանը, ինչպիսի սխալ ծախսեր են կատարվել, ով է դրա համար կաշառք վերցրել, ոչ մի նմանատիպ փաստ չկա ու չի էլ կարող լինել»,- հայտարարեց նախարարը:

Դիտարկմանը, որ սա ճնշո՞ւմ է նախարարության վրա, Քերոբյանն ասց. «Ես չեմ ուզում որակումներ տալ: Գիտեք, որ ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարը կառավարության եւ վարչապետի ուշադրության կիզակետում է; ԱՄենք կարծում ենք, որ այդ պայքարի կիրարկման մասով չպետք է լինի այնպես…, պետք է այնպես անենք, որ ավելացվեն ոչ թե ձերբակալությունները, այլ մեղադրական ակտերը: Ո՞ւր են մեղադրական ակտերը:

Եթե գործը հասնում է մեղադրական ակտի, ապա եկեք շնորհակալություն հայտնենք մեր քննչական մարմիններին, բայց եթե չի հասնում մեղադրական ակտին, ապա կարծում եմ՝ պետք է որոշակի վերաբերմունք լինի այդ գործը նախաձեռնողների նկատմամբ»:

Կրկին անդրադառնալով փոխնախարար Անի Իսպիրյանին, Քերոբյանն ասաց. «Ես 100 տոկոսով չեմ կարող ասել որեւէ անձի մասին, բացի ինձնից, բայց այս պահին եղած մեղադրանքը եւ իմ գիտելիքները թույլ են տալիս ասել, որ մեր գործողություններում ոչ մի անօրինականություն չկա: Չեմ կարծում, որ անգամ անփութություն կա: Մենք բացառապես օրենքի տառին համաձայն ենք շարժվել։ Իմ համար, մարդը մեղավոր է, երբ որ իր նկատմամբ մեղադրական ակտ կա»,- ասել է նա:

Դիտարկմանը, որ մեղադրանքում նշվում է, որ այն մարդիկ, որոնք դիմել են ինտենսիվ այգիների համար, չեն համապատասխանել այդ չափանիշներին, բայց նախարարությունը գումարը տվել է, Վահան Քերոբյանն ասաց. «Այդ վարչության աշխատակիցները միշտ ահազանգել են, որ հնարավոր է, որ այդ ծրագրերում, որտեղ կան հարյուրավոր մասնակիցներ, ինչ-որ մեկը կարող է կեղծել փաստաթղթերը: Եթե մենք տեսնում ենք, որ փաստաթղթերը կան, այգին նույնպես կա, ապա մեր աշխատակիցները տալիս են դրական եզրակացություն եւ վճարումներ են կատարվում:

Այդ ծրագրի պարագայում բազմաթիվ ֆերմերների մոտ հայտնաբերվել են խախտումներ եւ նրանց չենք փոխհատուցել: Գուցե ինչ-որ սխալներ եղել են, գուցե ինչ-որ մարդիկ կաշառք են վերցրել, բայց քանի դեռ այդ փաստն ապացուցված չէ, չեմ կարծում, որ պետք է այսպիսի գործողությունների գնալ»:

Քերոբյանը հիշեցրեց, որ Էկոնոմիկայի նախարարությունը 2019 թվականին ունեցել է 12,5 միլիարդ դրամի բյուջե, այսօր այդ բյուջեն կազմում է 91 միլիարդ դրամ։ Բազմաթիվ նախարարություններում էլ բյուջեն ընկել է։

Հարցին՝ ինչո՞ւ նախարարությունը ներքին քննություն չի իրականացնում այս դեպքերի հետ կպված, նախարարը պատասխանեց. «Մենք ամեն տարի անում ենք ներքին աուդիտ, դրանից հետո հայտնաբերում ենք ռիսկեր, փակում ենք այդ ռիսկերը և ամեն ծրագիր դինամիկ վերահսկողության տակ է, և կարիք չկա այս առիթով որևէ լրացուցիչ ներքին քննություն իրականացնել։

Այս ամենը ազդում է նախարարության աշխատանքի վրա։ Բայց ես ամեն ինչ կանեմ, որպեսզի իմ աշխատակիցների մոտ վերադառնա այն վստահությունը, որ իրենց ազնիվ աշխատանքը երբևիցե չի պատժվի։

Նիկոլ Փաշինյանը մեզ մի քանի անգամ ասել է, որ կոռուպցիոն երևույթները, որոնք կան գերատեսչություններում, ի վերջո գերատեսչության ղեկավարի պատասխանատվությունն է, և ես դրա վերաբերյալ բնականաբար իմ կարծիքը և որոշումը կասեմ վարչապետին, կստանձնեմ դրա պատասխանատվությունը»:

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ քննչական կոմիտեն հայտարարել էր, որ ձերբակալվել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը։

Նախաքննությամբ, մասնավորապես, պարզվել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում մրցույթի մասնակից N բաժնետիրական ընկերության տնօրենի և աշխատակիցների դրդմամբ և օժանդակությամբ, մրցույթին այդ ընկերության հաղթանակն ապահովելու համար, խախտելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի թիվ N 526-Ն որոշման պահանջները, մրցույթի մյուս մասնակից հիմնադրամի համար ստեղծել են մրցույթին վերջինիս մասնակցությունն իբր անհնար դարձնող պայմաններ, նրան ապօրինաբար դիտել որպես մրցույթի պայմաններին չհամապատասխանող ու փաստացի հեռացրել մրցույթից: Դրա արդյունքում մրցույթում հաղթող է ճանաչվել մրցակցից շուրջ երեք անգամ ավել՝ ավելի քան 392մլն. ՀՀ դրամ գնային առաջարկ ներկայացրած ընկերությունը:

Նշված գործողությունների արդյունքում խախտվել են մրցույթի մասնակից հիմնադրամի իրավունքներն ու օրինական շահերը, Էական վնաս է պատճառվել պետությանը: