Search
Close this search box.

Հասկանալի չէ՝ ինչու է օրակարգ բերվում 102-րդ ռազմաբազան Հայաստանից դուրս բերելու հարցը. Ալեքսանդր Իսկանդարյան

«Հարավային Կովկասը ոչ առաջին, ոչ երկրորդ, ոչ էլ տասներոդ կարևորության տարածաշրջանը չէ մեծ խաղացողների համար։ Նրանք իրենց համար շատ ավելի կարևոր խնդիրներով են զբաղված, բայց հարցն այն է, որ մեր տարածաշրջանը ժամանակ առաջ ավելի մեծ կարևորություն ուներ մեծ խաղացողների համար, քան հիմա։ Հետևապես, Հայաստանն իր ունեցած խնդիրներով այժմ չի կարող մեծ խաղացողների համար առավել կարևոր լինել, քան ասենք՝ ռուս-ուկրաինական պատերազմը, Մերձավոր Արևելքի կոնֆլիկտները»,-5-րդ ալիքին տված հարցազրուցում ասել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։

«Այս իրավիճակում հասկանալի չէ՝ ինչու պետք է օրակարգ բերել Հայաստանից 102-րդ ռազմաբազան հանելու հարցը։ Դա արվում է, որովհետև նեղացե՞լ ենք։ Բայց չէ՞ որ քաղաքականության մեջ պետք է լինի նպատակ, իսկ ահա նեղանալը գործոն չէ և տեղ չունի։

Որպես 102-րդ ռազմաբազայի հիմնական գործառույթ՝ ընկալվել է Թուրքիային զսպելը։ Պատկերացնենք ապոկալիտիկ իրավիճակ՝ թուրքական զորքերը ներխուժում են Հայաստան․ արդյոք ռուսական բազան կկանխի՞ թուրքական ինտերվենցիան, ինձ համար դժվար է պատկերացնել։

Այդուհանդերձ, հասկանալի չէ, թե ինչու պետք է դուրս բերել ռուսական ռազմաբազան, ակնկալել, որ ռուսական ներկայությունը միանգամից կանհետանա և փոխարենը կգա մեկ ուրիշը, որը կիրականացնի այն գործառույթները, որոնք չի կատարում Ռուսաստանը։ Դա իրատեսական չէ»,- ասել է քաղաքագետը։