Search
Close this search box.

Փաշինյանը պետք է ընտրի, որպեսզի Մոսկվան «կանխի Հայաստանի պարտությունը»

Ռուսական կողմը շեշտեց` Բաքուն պատրաստ է, որ խաղաղության պայմանագիրը կնքվի Ռուսաստանում:

Մոսկվան մնում է Երեւանի ե՛ւ գործընկերը, ե՛ւ որոշիչ ներդրում ունի ռազմական գործողությունների դադարեցման գործում, մասնավորապես, դա տեղի է ունեցել 2020թ. աշնանը, որոշիչ ներդրում ունի էլ ավելի ծանր իրավիճակի, նույնիսկ կարելի է ասել՝ Հայաստանի պարտությունը կանխելու գործում, անցյալ շաբաթ հայտարարեց Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Մոսկվան պատրաստ է գործընկեր դառնալ Երեւանի՝ ականապատ քարտեզները Բաքվին փոխանցելու հարցում։

«Միաժամանակ միշտ մեծ ուշադրություն ենք դարձրել հայ-ադրբեջանական կարգավորման հումանիտար խնդիրներին, Ռուսաստանն ակտիվորեն նպաստել է ռազմագերիների, կալանավորների փոխանակմանը, անհայտ կորածների որոնմանը, ականապատ դաշտերի քարտեզների փոխանցմանը, պատրաստ է շարունակել այդ ջանքերը, որոնք տանում են դեպի Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության հաստատում», – հավելել է նա։

Անցյալ շաբաթ ԱԱԾ-ն, հիշեցնեք, հայտնեց ականապատ դաշտերի քարտեզների ութ նոր տեղեկամատյանների ի հայտ գալու եւ դրանք առաջիկա օրերին աշխատանքային խողովակներով ադրբեջանական կողմին փոխանցելու մասին։ ԱԱԾ-ն նշեց, որ նախկինում մի քանի անգամ առանց նախապայմանների ադրբեջանական կողմին են փոխանցվել Արցախի ականապատ դաշտերի 972 տեղեկամատյաններ (ֆորմուլյարներ), եւ որ Հայաստանի ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ Երեւանի տրամադրության տակ ավելի լավ որակի քարտեզներ պարզապես չկան:

Բաքուն օրեր առաջ կոչ էր արել միջազգային հանրությանը «պարտադրել Երեւանին հանձնել ականապատ դաշտերի քարտեզները»։ Իսկ ԱԳ նախարար Միրզոյանն անդրադառնալով թեմային, նշեց, որ հայկական համապատասխան մարմինները աշխատանք են տանում նաեւ հարցումների ճանապարհով վերականգնել տեղեկատվություն՝ հնարավոր նոր ականների վերաբերյալ։

Նա ընդգծել էր, որ այդ գործողությունը պետք է արվի միջազգային գործընկերների կողմից։ «Հայաստանի պարտությունը կանխելու» գործընթացի շրջանակներում, Մոսկվան շարունակում է Երեւանին հիշեցնել, թե ում հովանու ներքո պետք է շարունակվեն բանակցությունները եւ որ պայմանավորվածությունների շրջանակում: Ինչպես երեւում է, պաշտոնական Երեւանի համար սա միանգամայն շահեկան իրավիճակ է: Մոսկվան, Բաքվի պահանջներին ու ակնկալիքներին համահունչ, պարբերաբար տարբեր ազդակներ է տալիս, իսկ պաշտոնական Երեւանը` «խաղաղության» օրակարգին հավատարիմ, ներկայացնում է հերթական զիջողական քայլը ադրբեջանական կողմին:

aravot.am