Search
Close this search box.

Ինչ է կատարվել հունվարին , որ Հայաստանի Ազգային ավիափոխադրողի կարգավիճակ ունեցող Ֆլայ Արնա ընկերությունը դադարեցրել է թռիչքները

Հայաստանի Ազգային ավիափոխադրողի կարգավիճակ ունեցող Ֆլայ Արնա ընկերությունը հայտարարել է, որ դադարեցրել է թռիչքները՝ օպերացիոն փոփոխությունների համար: Թե ինչ է նշանակում օպերացիոն փոփոխություն, չի նշվում:

Մամուլը շաբաթներ առաջ էր գրել, որ կառավարման անարդյունավետության, ֆինանսական խնդիրների պատճառով ընկերությունը դադարեցնելու է թռիչքները: Ըստ ամենայնի դրանք են «օպերացիոն փոփոխությունների» պատճառները:

Բայց, մինչեւ «օպերացիոն փոփոխությունները», դեռեւս հունվարի սկզբին տեղի ունեցան այլ փոփոխություններ, որոնք իհարկե լայն ուշադրության չարժանացան, սակայն բավականին ուշագրավ էին: Հայաստանում փոխվեց 2018 թվականից հետո Հայաստանում հիմնված Պետական հետաքրքրությունների ֆոնդի տնօրենների խորհրդի գրեթե ամբողջ կազմը եւ գործադիր տնօրենը: Ուշագրավ էր էկոնոմիկայի նախարարի բացատրությունը, թե ինչու՞ է եղել այդ փոփոխությունը՝ այն պայմանավորված է եղել Արժույթի միջազգային հիմնադրամի իրականացրած ստուգումների արդյունքով:

Իսկ բանն այն է, որ Պետական հետաքրքրությունների ֆոնդն է Ֆլայ Արնայի հիմնադիրը՝ Շարժայի էմիրության Էյր Արաբիա ավիաընկերության հետ, տոկոսային հարաբերակցությունը՝ 51/49 «հօգուտ» Պետական հետաքրքրությունների ֆոնդի:
Ընդ որում, տեղեկություններ կային, որ արաբական կողմը դժգոհություն ունի հայկական կողմի կառավարման արդյունավետությունից: Եվ չի բացառվում, որ փոփոխությունների պատճառը լոկ Արժույթի միջազգային հիմնադրամի ստուգումները չեն, կամ՝ այդ ստուգումները գուցե իրականացվել են հենց առավելապես արաբական կողմի պահանջով:

Բոլոր դեպքերում, այս փոփոխությունների ֆոնին «հիշեցի» 2022-ի մի գրառումս, երբ Պետական հետաքրքրությունների ֆոնդը ելակի աճեցման ինչ որ բիզնես ծրագիր էր ֆինանսավորել: Զարմանքս էի հայտնել, թե ելակի բիզնեսն այդ ի՞նչ է «գաղափար» է, որ պետք է հայտնվի «պետական հետաքրքրությունների» հոգածության ներքո, երբ Հայաստանում գուցե տասնյակ կամ հարյուրավոր մարդիկ են իրենց ջանքով ստեղծում ու զարգացնում այդպիսի բիզնես: Շատ հարգարժան օգտատերեր մտածում էին, թե՝ «ի՞նչ կա որ»:
Գլխավորը, որ չկա արդյունավետ կառավարում, կա Արժույթի միջազգային հիմնադրամի ստուգում եւ կա Պետական հետաքրքրությունների ֆոնդի տնօրենների խորհրդի եւ ղեկավար կազմի գրեթե ամբողջական փոփոխություն:

Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան էջից