Search
Close this search box.

Վանեցյանի հորեղբորորդուն՝ Կարեն Վանեցյանին չեն ձերբակալել․ փաստաբանական խումբը հերքում է ռուսական ԶԼՄ-ների տարածած տեղեկատվությունը

Գործարար Կարեն Վանեցյանը գտնվում է ազատության մեջ, և տարածվող լուրն այն մասին, որ նա անազատության մեջ է, չի համապատասխանում իրականությանը: Այս հայտարարությունը տարածել է Կարեն Վանեցյանի փաստաբանական խումբը։
Այսօր ռուսական ԶԼՄ-ները գրել էին, որ Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում ձերբակալել են Հայաստանի ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի հորեղբորորդուն՝ «Exoil Group»-ի («Օլեյնա» ապրանքանիշ) սեփականատեր Կարեն Վանեցյանին։

Ըստ փաստաբանների` քանի որ Կարեն Վանեցյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը մեծ հնչեղություն է ստացել վարույթն իրականացնողի (քննչական կոմիտե) և գլխավոր դատախազության կողմից հանրայնացվելու արդյունքում, իրենք անհրաժեշտ են համարում հայտնել, որ նա 2021 թվականի սեպտեմբերի 14-ից մինչ օրս չի եղել Հայաստանի Հանրապետությունում, նախքան այդ երկար ժամանակ ՀՀ-ում առհասարակ չի գտնվել, հետևաբար վերջինս մշտապես չի բնակվում ՀՀ-ում, զբաղվում է խոշոր ձեռնարկատիրական գործունեությամբ մի շարք երկրներում, այդ թվում` ՌԴ-ում։

Պաշտպաններն ընդգծել են, որ Վանեցյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին դատախազի 2023 թվականի նոյեմբերի 1-ի որոշմամբ մեղադրանքը վերաբերում է փողերի լվացմանը, սակայն դա ընդամենը դատախազության և քննչական մարմնի վարկածն է:

«Կարեն Վանեցյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու որոշումը ակնհայտ անհիմն է, ընթացակարգային և նյութական բազմաթիվ խախտումներով, բողոքարկվել է Վճռաբեկ դատարան, հետևաբար օրինական ուժի մեջ չի մտել»,– նշել են նրանք:

Հիշեցնենք` 2023թ. նոյեմբերին հայտնի դարձավ, որ Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Կարեն Վանեցյանին կալանավորելու միջնորդությունը, որը ներկայացրել է դատախազությունը։
Ավելի վաղ դատախազությունը հայտնել էր, որ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Շվեյցարիայի Համադաշնության և Հայաստանի Հանրապետության քաղաքացի Կարեն Վանեցյանի նկատմամբ՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ–ի 12.5 տոկոս բաժնետոմսերը հանցավոր ճանապարհով օրինականացնելու համար (փողերի լվացում)։ Նախաքննության ընթացքում Կարեն Վանեցյանի գտնվելու վայրը պարզել հնարավոր չի եղել: