Search
Close this search box.

Բաքվից արձագանքել են Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը

Ադրբեջանի ԱԳՆ-ն մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ սպառազինությունների վերահսկման և չհարձակման պայմանագրի վերաբերյալ հայտարարությանը։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք՝ հունվարի 28-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բանակի օրվա կապակցությամբ իր ելույթում ասել է, որ Ադրբեջանին առաջարկել է ստորագրել սպառազինությունների փոխադարձ վերահսկողության մեխանիզմի և չհարձակման մասին համաձայնագիր։

«Հայաստանի վարչապետի հայտարարությունը նպատակ ունի շեղել ուշադրությունը խաղաղության մասին երկկողմ համաձայնագրի նախագծի և Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման գործընթացից։

Բոլորին է հայտնի, որ հենց «Հայաստանն է 30 տարի շարունակ կոպտորեն խախտել իր պարտավորությունները» միջազգային պայմանագրերի շրջանակներում, որոնցում ճանաչվում է մեր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, սպառազինությունների վերահսկման մեխանիզմները։

«Հայաստանն է ագրեսիա իրականացրել Ադրբեջանի դեմ, մեր տարածքների օկուպացիայի ժամանակ իր ռազմական տեխնիկայի և սպառազինության համակարգերի մեծ մասը թաքցրել է սպառազինությունների վերահսկման միջազգային մեխանիզմներից՝ ապօրինի տեղակայելով դրանք մեր երկրի տարածքում»»,- հայտարարել է Հաջիզադեն։

Նա հավելել է․ «Ադրբեջանն իր հերթին շարունակելու է իր խաղաղարար և ստեղծարար ջանքերը և Հայաստանից ակնկալում է համարժեք քայլեր ոչ թե խոսքով, այլ գործով»։