Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պահանջում են Ժաննա Անդրեասյանի հրաժարականը

7–րդ դասարանի հայոց պատմության դասագիրքը խոտանելու պահանջով ԿԳՄՍՆ–ի մոտ հավաքված քաղաքացիները Ժաննա Անդրեասյանի անունից գրված հրաժարականի դիմումը սև թղթապանակով հանձնեցին նախարարության նամակների բաժին։

«Հայաստանի ժողովրդական շարժման» համակարգող Վազգեն Պետրոսյանը նշել է, որ դասագիքը խնդրահարույց է, և այն պետք է խոտանել, սակայն իրենց այս պահանջին ԿԳՄՍ նախարարը չի արձագանքում։ Այդ է պատճառը, որ նրանք այսօր հավաքվել են նախարարության շենքի մոտ` արդեն իսկ պահանջելով Ժաննա Անդրեասյանի հրաժարականը։

«Եկել ենք նախարարին հանձնելու հրաժարականի դիմումի իր օրինակը, որ կարողանա արագ ստորագրի ու հրաժարական տա։ Եթե դա չանի, մենք հետևողական ենք լինելու նրա նկատմամբ ու հասնելու ենք նրա հրաժարականին։ Շատ անկեղծ եմ ասում` մենք կատակ չենք անում, և գնալու ենք մինչև վերջ. կեղծ, կիսատ գրքով հնարավոր չէ կրթել սերունդներին, այդպիսով կկործանենք նրանց։ Այս կիսատ–պռատ դասագիրքը Թուրքիայի պատվերն է»,– հայտարարել է Պետրոսյանը։

Վերջինս նաև ընթերցել է իրենց պատրաստած հրաժարականի դիմումի տեքստը, որով ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից խնդրում է ազատել իրեն պաշտոնից։

«Եթե 24 ժամվա ընթացքում նախարարը չպատասխանեց մեզ, ապա չորեքշաբթի` հունվարի 31–ին, օրվա 2–րդ կեսին նորից կհավաքվենք այստեղ և կշարունակենք մեր միջոցառումը։ Եթե մենք` որպես ժողովուրդ, համակերպվում ենք նրան, ինչ բերում են մեր գլխին, ուրեմն որևէ մեկին չպետք է մեղադրենք, այլ միայն մեզ, որ ենթարկվում ենք այդ ամենին»,– ասել է նա։