Search
Close this search box.

Իրանը միաժամանակ ուղեծիր Է արձակել «Մահդա», «Քեյհան-2» և «Հաթեֆ-1» արբանյակները

Իրանը Իսլամական հեղափոխության 45-ամյակին (փետրվարի 11) ընդառաջ առաջին անգամ միաժամանակ տիեզերք է արձակել երեք արբանյակ՝ «Մահդա», «Քեյհան-2» և «Հաթեֆ-1»։ Այս մասին հայտնում է Իսլամական Հանրապետության կառավարությունը։

Նշվում է, որ թեթև քաշով (32 կիլոգրամ) «Մահդա» արբանյակը կառուցվել է զարգացած արբանյակային ենթահամակարգերի փորձարկման համար: «Քեյհան-2» նանոարբանյակը, որը բաղկացած է 10 կիլոգրամից պակաս զանգված ունեցող մի քանի խորանարդաձև արբանյակներից, նախատեսված է տիեզերական դիրքավորման տեխնոլոգիան ստուգելու համար, այն հնարավորություն է տալիս տեղորոշում իրականացնել՝ անկախ գլոբալ դիրքավորման համակարգից:

«Հաթեֆ-1» խորանարդաձև նանոարբանյակը՝ 10 կիլոգրամից պակաս զանգվածով, ստեղծվել է իրերի ինտերնետի միջոցով նեղաշերտ կապի հեռահաղորդակցության տեխնոլոգիան ստուգելու համար:

Անցյալ տարվա նոյեմբերի վերջին Իսլամական Հանրապետության տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների նախարար Իսա Զարեպուրը հայտարարել էր, որ Իրանը նախատեսում է մինչև իրանական օրացուցային տարվա ավարտը (2024 թվականի մարտի 20) հինգ նոր արբանյակ արձակել տիեզերք: