Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ճվճվ Արոյի» որդու փախուստը կասեցվել է

Հունվարի 24-ին ՆԳՆ օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Երևանում Mercedes մակնիշի 37 AB 344 համարանիշի ավտոմեքենան մի քանի ժամ է՝ խախտում է ճանապարհային երթևեկության կանոնները:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ պարեկները ժամը 02:00-ի սահմաններում Ազատության պողոտայի ու Թբիլիսյան խճուղու հատվող հատվածում բարձրախոսով հրահանգում են, որպեսզի վարորդը կանգնեցնի ավտոմեքենան, բայց նա ոչ միայն չի ենթարկվում, այլև մեծ արագությամբ է վարում՝ անցնելով կարմիր լույսի տակով: Կոտայքի մարզ տանող ճանապարհին, «Գագաթ» սննդի կետի մոտ, Mercedes-ը բախվում է Opel մակնիշի ավտոմեքենային, իսկ հետո Պարեկային ծառայության ծառայողական ավտոմեքենային, ապա շարունակում փախուստը. արդեն Վերին Պտղնի գյուղի թունելային հատվածում վարորդն այլևս չի կարողանում վարել, ինչից հետո դուրս է գալիս ավտոմեքենայից ու դիմում փախուստի: Պարեկները հետապնդում են նրան: Այդ ժամանակ վարորդը հարվածում է պարեկներից մեկի ոտքին, ու փորձում նորից դիմել փախուստի, սակայն պարեկներին հաջողվում է նրան ձեռնաշղթայել ու տեղափոխել Ոստիկանության Կոտայքի բաժին:

Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվում է 1 հատ ներարկիչ ու սպիտակ թղթով փաթեթավորված 0,37 գրամ ընդհանուր քաշով թմրանյութի նմանվող փոշենման զանգված: Կայքի տեղեկություններով՝ վարորդը հանդիսանում է քրեական պատմություններով հայտնի, նախկինում դատապարտված «Ճվճվ Արոյի» 33-ամյա որդին՝ Սաքուլիկ մականվամբ Սարգիս Վարդանյանը:

Քննիչի որոշմամբ՝ Ս. Վարդանյանը ձերբակալվել է, ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք: