Search
Close this search box.

ԲՀԿ-ն պատրաստակամություն է հայտնել Արցախի երիտասարդներին ներգրավել բոլոր այն նախաձեռնություններում, որոնք միտված են երիտասարդությանը հուզող խնդիրների վերհանմանը և դրանց լուծման ուղիների նախանշմանը

ԲՀԿ-ն հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

Բարգավաճ Հայաստան կուսակցության Ուսանողական խորհրդի անդամները օրեր առաջ հանդիպել են Արցախի տարբեր կուսակցությունների երիտթևերի և ՀԿ-ների ղեկավարների, Արցախի տարբեր ԲՈՒՀ-երի ուսանողական խորհուրդների նախագահների հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ԲՀԿ աշխատակազմի ղեկավար Իվետա Տոնոյանը, ով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի անունից նախ ողջունել է Արցախի երիտասարդներին, հույս հայտնել, որ Արցախում մշտապես քաղաքացիական ակտիվ դիրքորոշում արտահայտած և պետականամետ մտածելակերպ ունեցող երիտասարդները Հայաստանում ևս իրենց ուրույն դերակատարումն են ունենալու պետականաշինության գործընթացում:
ԲՀԿ Ուսանողական խորհրդի նախագահ Լիաննա Մանուկյանը պատրաստակամություն է հայտնել Արցախի երիտասարդներին ներգրավել բոլոր այն նախաձեռնություններում, որոնք միտված են երիտասարդությանը հուզող խնդիրների վերհանմանը և դրանց լուծման ուղիների նախանշմանը:

Արցախի երիտասարդները նախ խնդրել են ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին փոխանցել իրենց գնահատանքի խոսքերը՝ Արցախի շրջափակման ամիսների ընթացքում ցուցաբերված համակողմանի և կարևոր աջակցության համար, նշելով, որ Արցախի մեր հայրենակիցները շատ բարձր են գնահատում հատկապես դժվարին այդ ժամանակահատվածում իրենց կողքին գտնվելու հանգամանքը: Երիտասարդները նաև բարձր են գնահատել Գագիկ Ծառուկյանի կողմից Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին տրամադրվող խոշորածավալ սոցիալական աջակցության ծրագրերը:

Հանդիպման ընթացքում երիտասարդները անդրադարձել են Արցախի երիտասարդների զբաղվածության, բնակարանային ապահովման, կրթության շարունակականության վերաբերյալ հարցերին ու մտահոգություններին: Քննարկվել է համատեղ ուժերով Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար անվճար իրավաբանական և հոգեբանական խորհրդատվության տրամադրմանն ուղղված միջոցառումների անցկացման անհրաժեշտության վերաբերյալ հարցը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակական հանդիպումների ընթացքում հստակեցնել իրականացվելիք միջոցառումների ուղղություններն ու ժամանակացույցը: Հանդիպման ավարտին Արցախի երիտասարդները շրջայց են կատարել Երևանի Արարատ կոնյակի, գինու, օղու կոմբինատում, ծանոթացել հայկական կոնյակագործության հարուստ ավանդույթներին: