Search
Close this search box.

ՀՀ սահմանադրությունն արգելակու՞մ է խաղաղության գործընթացին․ հարց Միրզոյանին

Սահմանադրական փոփոխություններից մենք խոսել ենք 2018-ի հեղափոխությունից կարճ ժամանակ անց։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ, խոսելով Նիկոլ Փաշինյանի կողմից հայտարարված Սահմանադրության փոփոխման անհրաժեշտության մասին, ասաց արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

«Իմ ընկալմամբ սա մի փաստաթուղթ է, որը բացի կոնկրետ իրավահարաբերություններ ֆիքսելուց և մեխանիզմներ ամրագրելուց, առաջին հերթին փիլիսոփայական հենք է և իզուր չեն ասում՝ մայր օրենքն է, որով կառուցվում են հասարակության ներսում իրավահարաբերությունները, քաղաքացի-քաղաքացի, քաղաքացի-պետություն այլն։ Սա առաջին հերթին ներքին նշանակություն ունեցող փաստաթուղթ է։ Չեմ ուզում ամբողջովին մերժել, որ ներքին նշանակություն ունենալով հանդերձ ինքը, ինչպես ցանկացած Սահմանադրություն, ավելի լայն ազդեցություն ունի, այսինքն անդրադառնում է արտաքին հարաբերությունների վրա։ Այս առումով մեր սահմանադրությունը բացառություն չէ։ Այն, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացն է սահմանադրության փոփոխության պատճառը, չափազանց մեծ չափազանցություն է, համաձայն չեմ այդ պնդման հետ»,- ասաց Միրզոյանը։

Միրզոյանի խոսքով՝ թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը մեկմեկու Սահմանադրություններում իրավական խնդիրներ տեսել են և ներկայացրել, սակայն չի կարելի ասել, որ Սահմանադրությունն է խաղաղության գործընթացն արգելակում։

Անդրադառնալով լրագրողի հարցին, թե գործող սահմանադրությո՞ւնն է արգելակում խաղաղության գործընթացին, Միրզոյանն ասաց․ «Ամենևին ոչ»։

Հունվարի 19-ին Նիկոլ Փաշինյանն ասել էր` Հայաստանին անհրաժեշտ է ոչ թե սահմանադրական փոփոխություններ, այլ նոր Սահմանադրություն։ Դրանից հետո ընդդիմությունը հայտարարել էր, որ հող է նախապատրաստվում թուրք-ադրբեջանական չդադարող պահանջներից հերթականի բավարարման համար: Մասնավորապես մատնանշվում էր, որ Սահմանադրության մեջ հղում է արվում Անկախության հռչակագրին, որում էլ իր հերթին Արցախն է հիշատակվում։