Search
Close this search box.

Կոպիրկին․ Աստված ոչ արասցե հայկական դեպքերի նման անկառավարելի ընթացք, որ մի քանի օրում տապալելու է ՌԴ խարխլած պետական կառույցը

«Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի ռազմավարական շահերը համընկնում են, երկու երկրների հարաբերությունները շարունակում են կրել դաշնակցային բնույթ։ Ես ելնում եմ այն ​​փաստից, և ոչ միայն ես, այլ դա, բնականաբար, Ռուսաստանի ղեկավարության դիրքորոշումն է, որ մեր հարաբերությունները շարունակում են դաշնակցային բնույթ ունենալ։ Գիտեք, պատմականորեն մեզ կապող շատ բաներ կան: Ավելորդ է նշել, թե ինչն է կապում մեր ժողովուրդներին բազմադարյա պատմության ընթացքում», «ՌԻԱ նովոստիին» տված հարցազրույցում ասել է Երևանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Ավելորդ չէ նշել, Սերգեյ Պավլովիչ, գոնե պատմական կարճ էքսկուրսով․ հայ-ռուսական 200-ամյա «եղբայրության ու բարեկամության» շրջանում 2,5 միլիոն հայի կյանք եւ հայկական բնօրրանի 9/10-ի կորուստ։

1915-1917, 1916-ի Վանի ստորությունը, 1919 թ․ Լենին-Քեմալ պակտով Արեւմտյան Հայաստանի հարցի փակումը, 1920-ի Հայաստանի Առաջին Հանրապետության օկուպացիան, 1921 թ․ ռուս-թուրքական պայմանագրերը եւ ՀՀ տարածքի մեծ մասի նվիրաբերումը թուրքերին ու ցապարներին, հայերի 1921-1923 թթ․ զանգվածային ջարդերն արդեն խորհրդայնացված Հայաստանում, 1930-ականների տեռորը, հայ տղամարդկանց ծրագրված սպանդը Կերչում «հայրենական պատերազմի» ժամանակ, 1988-1991 թթ․ Կոլցո պատժիչ գործողությունները եւ մերձկասպյան արեւմուտքի հոծ հայ բնակչության արտաքսումը, 2016-ի ագրեսիան, 2020-ից շարունակվող Հայաստանի դեմ ռազմական արշավը, Արցախի ու ՀՀ այլ շրջանների օկուպացիան։ Վերջին արարը տեղի է ունենում մեր աչքի առաջ, հենց Կոպիրկինի համակարգման ներքո, իր ձեւավորած նիկոլ-ռոբասերժ ագենտուրային տանդեմի կատարմամբ։

Ռուսաստանը վաղուց արդեն Հայաստանի դեմ կանգնած է ուղիղ, իր դեմքով: Հայաստանի դեմ նրա քաղաքականությունը հանրությանն ավելի ու ավելի տեսանելի ու ընկալելի է։ Թշնամական ագենտուրայի ներդրումը ՀՀ կառավարական բարձրագույն դիրքերում 2018 թվականին, Հայաստանի դեմ Արցախում Իսրայելի եւ Թուրքիայի հետ համատեղ 2020-ի ռազմական արշավը եւ «հետպատերազմյա կարգավորումը»՝ այս ամենը մակերեսին է այլեւս։

Հայ-ռուսական «դաշնակցությունը» նորագույն պատմության մեջ իսկապես առանձնահատուկ է: Մեր բնաջնջումը եւ պետականության վերացումն իրականացվում է նույն սխեմայով՝ թշնամական ագենտուրային ներդրում ղեկավարության մեջ եւ անփոփոխ մնացած քարոզչական թեզեր։ Այդ քարոզչության վարձու գործակատարների խնդիրն է հայասպան մանթրան սրբությամբ պահելը՝ հայերի բարոյական ոչնչության, պատմության բացակայության, հայկական իրավունքների չգոյության, իբրեւ ազգ եւ հայրենի հողի տեր ոչնչանալուն՝ այլընտրանքի բացակայության քարոզով։

Հայաստանը թշնամի է եւ գոյութենական սպառնալիք Ռուսաստանի համար, որը պետք է ոչնչացվի՝ սա է Մոսկվայի ռազմավարությունը Հայաստանի հարցում, որի ավարտական փուլը ծավալվում է մեր աչքի առաջ։ Դժվար է Հայաստանում ՌԴ ցանկացած դեսպանի, եւ առանձնապես Կոպիրկինի վիճակը, ում վիճակվել է պաշտոնավարել հայ-ռուսական «դաշնակցության» ավարտական փուլում, եւ նրանն են լինելու ինչպես Հայաստանի ոչնչացման դափնիները, այնպես էլ այդ ծրագրի ձախողման ողջ մեղքը։

Ավելին, դեսպան Կոպիրկինը միանձնյա պատասխանատվություն է կրում ողջ Տաճկահայաստանի և ռուսականի մի մասի ոչնչացման գործում ռուսական պետության երկդարյա դերի շուրջ հայկական պատրանքների փլուզման համար: Թերեւս, դրա համար է փորձում մեզ համոզել, որ Ռուսաստանի ու Հայաստանի շահերը համընկնում են։

Մոսկովյան ռազմավարության թե իրականացման, թե ձախողման պարագային Ռուսաստանի հեռանկարը մնում է մռայլ ու անհույս։ Մոսկվայից «եղբայրություն, համընկնող շահեր, դաշնակցություն» նողկանքը սփռողները պիտի հասկանան, որ հայ ժողովրդի անհուն համբերությունն էլ սահման կարող է ունենալ։ Աստված ոչ արասցե հայկական դեպքերի նման անկառավարելի ընթացք, որ մի քանի օրում տապալելու է ՌԴ խարխլած պետական կառույցը։