Search
Close this search box.

ԱՄՆ կոնգրեսականները կոչ են արել Պետքարտուղարությանն ու միջազգային գործընկերներին պատժել Ադրբեջանին

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոունը, Գաս Բիլիրակիսը, Դեյվիդ Վալադաոն և Ադամ Շիֆը հայտարարություն են տարածել՝ դատապարտելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ հունվարի 10-ին տեղական հեռուստաընկերություններին տված հարցազրույցում հնչեցրած վտանգավոր հայտարարությունները։

Դրանցով, շեշտում են կոնգրեսականները, Բաքուն հավակնություններ է ներկայացնում Հայաստանի տարածքի նկատմամբ և հրաժարվում է դուրս բերել զորքերն օկուպացված տարածքներից։

«Նախագահ Ալիևի՝ իրավիճակը սրող վերջին հայտարարությունները, այդ թվում՝ հայկական տարածքներից զորքերը դուրս բերելու մերժումը, շարունակում է այն նույն գիծը, որը նա որդեգրել էր նախորդ տարվա աշնանը, երբ Արցախում ավելի քան 100,000 հայ էթնիկական զտման ենթարկվեց: Նա թշնամական հայտարարություններ է անում, օգտագործում այդ պնդումները, որպեսզի արդարացնի իր բանակի հետագա մոբիլիզացիան, այնուհետև ագրեսիվ գործողությունների է դիմում, քանի որ կարծում է՝ դա որևէ հետևանք չի ունենա: Միջազգային հանրությունը վերջին տարիների իր անգործությամբ, ցավոք, ապացուցեց, որ նա իրավացի է»,- նշված է հայտարարությունում։

Կոնգրեսականների համոզմամբ՝ վաղուց ժամանակն է, որ Ալիևի վարչակարգը պատասխանատվության ենթարկվի «հայերի դեմ ձեռնարկած գործողությունների և ռազմատենչ հռետորաբանության համար:

«Միացյալ Նահանգները և մեր տարածաշրջանային գործընկերները պետք է օգտագործեն դիվանագիտական ողջ գործիքակազմը՝ ներառյալ պատժամիջոցները, որպեսզի օգնեն երաշխավորել Հայաստանի տարածքային ամբողջականությունը և չեզոքացնել Ալիևի բացահայտ սպառնալիքները վերջինի դեմ։ Մենք կոչ ենք անում Պետքարտուղարությանը և մեր միջազգային գործընկերներին անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ կասեցնելու ադրբեջանական հետագա ագրեսիան և ապահովելու Հայաստանի անվտանգությունը»,- հայտարարել են կոնգրեսականները։