Search
Close this search box.

Աբրահամյանների եւ գեներալ Մանվելի գազալցակայանները տուգանվել են, Ծառուկյանինը չի էլ ստուգվել. armtimes.com

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ստուգումներ է իրականացրել թվով 45 գազալցակայանում եւ հակահրդեհային անվտանգության կանոնները չպահպանելու համար 45 տնտեսվարողի նկատմամբ կիրառել է տուգանք: ՀՀ ԱԻՆ hրդեհների հաշվառման, վերլուծության և հակահրդեհային քարոզչության բաժնի պետ Սերգեյ Հայրապետյանն armtimes.com-ի հետ զրույցում ասաց, որ բոլոր տնտեսվարողներին կարգադրագրեր են տրվել հայտնաբերված թերությունները վերացնելու համար:
«Արձանագրություններ են կազմվել եւ 2 միլիոն դրամից ավել (2 մլն 20 հազար դրամ) տուգանք է նշանակվել: Բոլոր օբյեկտներում էլ տուգանքներ եղել են: Հիմնականում հակահրդեհային խախտումների համար է արվում»,- ասաց Սերգեյ Հայրապետյանը:
ԱԻՆ-ն պաշտոնյան նշեց, որ ստուգումների ընթացքում չի եղել այնպիսի գազալցակայան, որի գործունեությունը դադարեցվի: Հարցին՝ որտե՞ղ եք ստուգումներն իրականացրել, Սերգեյ Հայրապետյանն ասաց. «Հանրապետության տարբեր վայրերում, ոչ միայն մարզերում: Մենք կառավարության որոշմամբ հիմա միայն իրավունք ունենք ստուգել ԱԳԼՃԿ-ները, բայց այդ ԱԳԼՃԿ-ներն իրավունք չունենք միանգամից գնալ եւ բոլորը ստուգել: Օրենքով սահմանված կարգով մենք մեր կայքում տեղադրում ենք այն օբյեկտների ցանկը, որոնք պետք է ստուգենք»:
ԱԻՆ-ն պաշտոնյան նշեց, որ մինչեւ տարեվերջ նախապես պլանավորված բոլոր գազալցակայաններում ստուգումներն ավարտված կլինեն: Նախարարության պաշտպանական կայքում ներկայացված եւ 2017 թվականի ստուգման ենթակա օբյեկտների ցանկում, օրինակ, «Մուլտի լեոն» ընկերության գազալցակայաններ ներառված չէն: Նշենք, որ այս ընկերությունը պատկանում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին:
Նախարարության hրդեհների հաշվառման, վերլուծության և հակահրդեհային քարոզչության բաժնի պետին խնդրեցինք թվել բոլոր այն 45 ընկերությունները, որտեղ արդեն ստուգումներ են իրականացվել եւ տուգանքներ նշանակվել:
Չզարմանաք, բայց այդ ընկերությունների կազմում են նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքի հետ կապված ընկերությունները: Նշանակված տուգանքների չափը տատանվել է 50 հազար դրամի սահմանում:
Ստորեւ ներկայացնում ենք այն ընկերությունները, որոնք կապված են նախկին եւ ներկա պաշտոնատար անձանց հետ:
«Մայ-արգ» ՍՊԸ: Այս ընկերությունը հիմնադրվել է 2005 թվականին: Հիմնադիրներն են Նառա Մելքոնյանը եւ Արգամ Աբրահամյանը: Վերջինս ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին է: Արգամ Աբրահամյանն այս ընկերության 50 տոկոս բաժնեմասի տերն է: Այս գազալցակայանը գնվում է Արարատի մարզի Մրգավան գյուղում:
«Հովան-Լիան գրուպ» ՍՊԸ: Ընկերությունը հիմնադրվել է 2005 թվականին Հովիկ Աբրահամյանի եղբոր՝ Հենրիկ Աբրահամյանի եւ Արմեն Պուրտոյանի կողմից: Այս ընկերության գազալցակայանը գտնվում է Արարատի մարզի Մխչյան գյուղի տարածքում: Մխչյան գյուղը Հովիկ Աբրահամյանի ծննդավայրն է:
«Դալար գազ» ՍՊԸ-ն հիմնադրել է Արգամ Աբրահամյանը 2014 թվականին: Որոշ ժամանակ անց նա դուրս է եկել ընկերության մասնակիցների ցանկից: «Դալար գազ» ՍՊԸ-ի գազալցակայանը գտնվում է Արարատի մարզի Դալար գյուղի վարչական տարածքում:
«Արա եւ Այծեմնիկ» ԲԲԸ-ին պատկանող գազալցակայանը գնվում է Էջմիածին քաղաքի Աշտարակի խճուղու աջակողմյան մասում: ԲԲԸ-ն պատկանում է ԱԺ պատգամավոր, ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանին:
Բացի նշված ընկերություններից, կարող ենք առանձնացնել նաեւ «Արփի գազ» ՍՊԸ-ն, որը առերեւույթ որեւէ պաշտոնյայի հետ չի կապվում, սակայն այս ընկերության գազալցակայանում պայթյուն էր գրանցվել: ԱԻՆ-ում օգոստոսի 19-ին՝ ժամը 07.49-ին, տեղեկատվություն էր ստացվել, որ Մ-2 Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Արփի գյուղի մոտակա «Արփի ԳԱԶ» գազալցակայանում լիցքավորման ժամանակ ՍՊԸ-ում «ԻԺ-412» մակնիշի առանց պ/հ ավտոմեքենայի գազի բալոնը պայթել է. տուժածներ չկային: