Search
Close this search box.

Հատուկ քննչական ծառայությունը սպասում էր Սերժ Սարգսյանի ցուցումին

Հելսինկյան կոմիտեի նախագահ  Ավետիք Իշխանյանը ArmLife.am-ին մեկնաբանելով՝ ՀՔԾ-ն կողմից «ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրեական գործի կարճումը՝ ընդգծեց, որ կզարմանար, եթե որևէ մեկը պատրանք ունենար, թե այդ գործը շարունակություն է ունենալու, և «ՍԱՍ»-ի Արտակ Սարգսյանն ինչ-որ պատիժ պիտի կրեր.

«Ես զարմանում եմ, որ մարդիկ ինչ-որ պատրանքներ ունեին դրա առումով: Քանի որ աղմկոտ գործ էր, ուղղակի ձևականորեն քննություն պետք է կատարվեր: Ինձ համար պարզ էր, որ պետք է կարճվեր: Կարող է պատահի՝ Հայաստանում իշխանությունը պատժի իր հենարաններից մեկին, իհարկե ոչ, որովհետև Հայաստանում անկախ դատաիրավական մարմիններ գոյություն չունեն, այդ թվում՝ Հատուկ քննչական ծառայությունը: Նա սպասում է ՀՀ նախագահի ցուցումին: Եթե ՀՀ նախագահը ցուցում է տվել՝ որևէ գործ չհարուցել և կարճել գործը, նրանք այդ ցուցումը ձևակերպում են  իրավական տերմիններով: Մնացած, ամեն ինչ հեքիաթներ են»,-նշեց նա:

Ավետիք Իշխանյանը համոզված է, որ այդ ձայնագրությունում հանցակազմի նշաններ կան. «Իհարկե, կան: Ե՛վ ընտրության հետ  կապված մարդկանց վրա ճնշում, և՛ աշխատանքի իրավունքների խախտում, և՛ վիրավորանք, և՛ բազմաթիվ այլ հարցեր»,-նշեց նա:

Հիշեցնենք, որ ապրիլի 13-ին խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո հրապարակվեց մի ձայնագրություն, որի մեջ մի տղամարդ ներկաներին սպառնալով և ծաղրելով հորդորում էր աշխատել ՍԱՍ-ի սեփականատեր Արտակ Սարգսյանի օգտին: Այդ ձայնագրության հրապարակումից հետո այն գլխավոր դատախազի հանձնարարությամբ ուղարկվեց ՀՔԾ` հանգամանքները ստուգելու նպատակով:

ArmLife.am