Search
Close this search box.

Հայաստանը կարող է բավարարել ռուսական կողմի շահագրգռվածությունը. Կարեն Կարապետյան

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարարի առաջին տեղակալ Գլեբ Նիկիտինի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Վարչապետը կարևորել է արդյունաբերության ոլորտում հայ-ռուսական փոխգործակցության հետագա զարգացումը և ընդգծել, որ դրա համար տեսնում է իրական մեծ հեռանկարներ:
«Չնայած նրան, որ ռուսական կապիտալը Հայաստանում ունի մեծ ներգրավվածություն և ներկայացվածություն, համոզված եմ, որ հայկական շուկան դեռևս թերագնահատված է ռուսական ընկերությունների համար, հատկապես երրորդ երկրների՝ Իրանի, Եվրոպական միության շուկաներ դուրս գալու առումով: Դրան կարող են էապես նպաստել Մեղրիի ազատ տնտեսական գոտին, ԵՄ-ի հետ գործող GSP+ համակարգը և այլն»,- նշել է վարչապետը:
Գլեբ Նիկիտինն անդրադարձել է հայ գործընկերների, այդ թվում՝ մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ ունեցած բանակցությունների արդյունքներին և դրանք գնահատել արդյունավետ ու կառուցողական: Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի փոխնախարարի խոսքով՝ ռուսական կողմը լայն հնարավորություններ է տեսնում Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացման գործում և կարևորում է GSP+ համակարգի ու Իրանի հետ սահմանին ազատ տնտեսական գոտու հնարավորությունները ռուսական ընկերությունների համար:
«Մեզ համար հետաքրքիր են Հայաստանում առկա հնարավորությունները և այդ առումով տեսնում եմ լայն հեռանկարներ: Ունենք համագործակցության մեծ ներուժ ռադիոէլեկտրոնիկայի, մեքենաշինության, գյուղմթերքների արտադրության, արդյունաբերության տարբեր ճյուղերում: Վստահ եմ, որ արդյունաբերության ոլորտում երկկողմ համագործակցությունը կարող է դուրս գալ նոր մակարդակի»,- ասել է Գլեբ Նիկիտինը՝ կարևորելով նաև արտահանման ուղղությամբ կոնկրետ ծրագրերի իրականացումը:
Այդ առումով, վարչապետ Կարապետյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանը կարող է բավարարել ռուսական կողմի շահագրգռվածությունը՝ հաշվի առնելով նաև տարբեր ոլորտներում մեր երկրի առավելություններն ու կարողությունները: Գործադիրի ղեկավարի համոզմամբ, Հայաստանը կարող է ռուսական կապիտալի համար միջազգային խոշոր շուկաներ դուրս գալու լավ հարթակ դառնալ: Կարեն Կարապետյանն ընդգծել է նաև հայ-ռուսական ներդրումային ֆոնդերի համագործակցության զարգացման անհրաժեշտությունը և նշել, որ ՀՀ կառավարությունն ունի մի շարք ներդրումային հետաքրքիր ծրագրեր, որոնք կարող են կյանքի կոչվել նաև համատեղ ջանքերով:
Գործադիրի ղեկավարն ավելացրել է, որ համագործակցության մեծ հնարավորություններ է տեսնում նաև տրանսպորտի, ավիացիայի, դեղագործության, զբոսաշրջության, հյուրանոցային բիզնեսի, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում և շեշտել ՏՏ բնագավառում հայկական ընկերությունների հաջողությունները:
«Ունենք այնպիսի կազմակերպություններ, որոնց դուստր ընկերություններն են գործում Սիլիկոնյան հովտում, ոչ թե հակառակը»,- նշել է վարչապետը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները կարևորել են նաև հոկտեմբերին Երևանում անցկացվելիք հայ-ռուսական արդյունաբերական ֆորումի անցկացումը, որի շրջանակում նախատեսվում է երկկողմ մի շարք համաձայնագրերի ստորագրում: