Search
Close this search box.

Նոր մանրամասներ Ագրարային համալսարանի հարակից այգում խմբակային ծեծկռտnւքից. մասնակիցների մեծ մասն անչափահաս է

Նոյեմբերի 27-ին խմբակային վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում. այդ օրը ժամը 13:50-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Տերյան փողոցում՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի մոտ, մի խումբ անձանց միջև վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել և կա վիրավոր, հաղորդում է Shamshyan.com-ը:

Մինչ օպերատիվ խումբը կհասներ դեպքի վայր՝ Երևանի Հերացու անվան Թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Կենտրոնական բաժին, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 2 քաղաքացի:

Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորները գտնվում են վիրահատարանում, իսկ մինչ այդ հայտնել են, որ վնասվածքները ստացել են Տերյան փողոցում՝ վայր ընկնելու հետևանքով:

Իրավապահները պարզել են, որ վիրավորները Երևանի բնակիչներ 21-ամյա Հենրիկ Մ.-ն է և 16-ամյա Նորիկ Վ.-ն է:

Նույն օրը ոստիկանության ծառայողները օպերատիվ տեղեկություններով պարզել են, որ ժամը 13:20-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ Հենրիկ Մ.-ն իր համակուրսեցիներ՝ Արարատի մարզի բնակիչ 26-ամյա Գոռ Գ.-ի, Երևանի բնակիչներ 19-ամյա Հովհաննես Զ.-ի, 20-ամյա Էդգար Թ.-ի, Արարատի մարզի բնակիչ 18-ամյա Ռաֆիկ Ս.-ի, Արմավիրի մարզի բնակիչ 18-ամյա Մնացական Հ.-ի, Երևանի բնակիչներ 19-ամյա Սարգիս Ս.-ի, 21-ամյա Արտյոմ Մ.-ի, 19-ամյա Ռաֆայել Պ.-ի հետ Տերյան փողոցի 5 հասցեի դիմացի այգում հանդիպել են Երևանի բնակիչ 16-ամյա Նորիկ Վ.-ի և վերջինիս ընկերներ՝ Երևանի բնակիչներ՝ 15-ամյա Անդրանիկ Ա.-ի, 15-ամյա Սամվել Հ.-ի, 15-ամյա Մելիք Հ.-ի, 15-ամյա Հայկ Մ.-ի , 15-ամյա Գառնիկ Հ.-ի , 15-ամյա Ռաֆիկ Բ.-ի, 15-ամյա Վահե Դ.-ի , 15-ամյա Գագիկ Ե.-ի հետ, որի ժամանակ վիճաբանություն է առաջացել ու Հենրիկ Մ.-ն իր մոտ եղած սուր կտրող, ծակող առարկայով հարվածել է Նորիկ Վ.-ին, իսկ վերջինիս ընկերները քարերով հարվածել են Հենրիկ Մ.-ին և վերջինիս ընկերներին, այնուհետև փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ ընթացքում հնչեցնելով հայհոյանքներ, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, ապա տեսնելով դեպքի վայրին մոտեցող ոստիկանական ավտոմեքենաները՝ դիմել են փախուստի:

Վիճաբանության մասնակիցիներից մի քանիսին ժամերի ընթացքում ոստիկանության ծառայողները հայտնաբերել են և տեղափոխել ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղ դեպքի փաստով փաստաթղթեր են ձևակերպվել որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ կռվի մյուս մասնակիցների ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու և քննչական բաժին ներկայացնելու ուղղությամբ: