Search
Close this search box.

Որքա՞ն կսուբսիդավորի պետությունը մինչև դեկտեմբերի 30-ը վրացական համարանիշով մեքենան մաքսազերծելու դեպքում

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ այսօր ՀՀ կառավարության կողմից ընդունվել է երկու որոշում, մասնավորապես.

«Ժամանակավորապես Հայաստանի Հանրապետություն ներմուծվող անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների համար մաքսատուրքերի և հարկերի վճարման պարտավորությունների ապահովման որոշակի միջոց սահմանելու մասին» որոշմամբ` 2024 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետություն ժամանակավորապես ներմուծվող անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների համար սահմանվել է դրամական միջոցներով (փողով) ապահովման պահանջ, այսինքն՝ այդ ամսաթվից հետո երրորդ երկրներում գրանցված տրանսպորտային միջոցների մասով, ներկայում գործող ապահովագրական ընկերությունների միջոցով ապահովում ներկայացնելու փոխարեն, կպահանջվի մաքսատուրքերի և հարկերի վճարման ապահովում` դրամական միջոցների տեսքով: Նշվածը ենթադրում է ֆիզիկական անձի կողմից ժամանակավորապես ներմուծված տրանսպորտային միջոցի գծով միասնական դրույքաչափով վճարման ենթակա մաքսատուրքերի և հարկերի փոխանցում (ներմուծման պահին) ՀՀ պետական բյուջեի 900008000755 գանձապետական հաշվին, որը հետ կվերադարձվի ժամանակավոր ներմուծման համար սահմանված ժամկետում վերաարտահանվելու դեպքում` քաղաքացու դիմումի հիման վրա:

Ըստ էության, նշված որոշմամբ սահմանված դրամական միջոցներով ապահովման պահանջը կտարածվի ՀՀ կամ ԵՏՄ անդամ այլ երկրների այն քաղաքացիների վրա, որոնք ՀՀ կժամանեն երրորդ երկրում գրանցված տրանսպորտային միջոցներով: Դրամական միջոցներով ապահովում ներկայացնելու պահանջը չի վերաբերի ՀՀ կամ ԵՏՄ անդամ այլ երկրների այն քաղաքացիներին, որոնք ՀՀ-ում կամ ԵՏՄ անդամ այլ երկրում գրանցված տրանսպորտային միջոցով կժամանեն ՀՀ, ինչպես նաև երրորդ երկրների այն քաղաքացիներին, որոնք երրորդ երկրում գրանցված տրանսպորտային միջոցով կժամանեն ՀՀ (վերջիններիս նկատմամբ դրամական միջոցներով ապահովման պահանջը պարտադիր կլինի, եթե երրորդ երկրի քաղաքացին ՀՀ-ում արդեն իսկ ունենալով ժամանակավոր ներմուծված տրանսպորտային միջոց` ժամանակավոր կներմուծի երկրորդը և ավելին):

«Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից Հայաստանի Հանրապետություն ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար ժամանակավոր ներմուծված` ԱՏԳ ԱԱ 8703 ապրանքային դիրքին դասվող թեթև մարդատար տրանսպորտային միջոցների ազատ շրջանառության համար ներմուծման դեպքում պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» որոշմամբ` նախատեսվել է միասնական դրույքաչափով վճարվող մաք¬սատուրքերի և հարկերի մասնակի փոխհատուցում տալ ՀՀ կամ ԵՏՄ անդամ այլ երկրների այն քաղաքացիներին (շահառուներ), որոնք մինչև 2023 թվականի դեկտեմբերի 4-ը ներառյալ ժամանակավոր ներմուծման նպատակով երրորդ երկրներից ներմուծել են թեթև մարդատար տրանսպորտային միջոց և դեկտեմբերի 5-ից դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում կմաքսազերծեն դրանք: Փոխհատուցումը նախատեսված է կատարել մինչև 5 տարի թողարկման տարեթիվ ունեցող տրանսպորտային միջոցների մասով` միասնական դրույքաչափով վճարման ենթակա մաքսատուրքերի և հարկերի 40%-ի չափով, իսկ 5 տարուց ավելի թողարկման տարեթիվ ունեցող տրանսպորտային միջոցների մասով` 70%-ի չափով:

Հատկանշական է, որ շահառուները մաքսային ձևակերպման ժամանակ վճարելու են մինչև 5 տարի թողարկման տարեթիվ ունեցող տրանսպորտային միջոցների մասով` միասնական դրույքաչափով վճարման ենթակա մաքսատուրքերի և հարկերի 60%-ը, իսկ 5 տարուց ավելի թողարկման տարեթիվ ունեցող տրանսպորտային միջոցների մասով` 30%-ը, իսկ մնացած բեռը ըստ էության կկրի պետությունը:

Միաժամանակ, Կոմիտեն տեղեկացնում է, որ մաքսային ձևակերպումներն իրականացնելու համար 2023 թվականի դեկտեմբերի 5-ից սկսած շահառուները կարող են այցելել Գյումրի քաղաքում գտնվող Հյուսիսային մաքսատուն-վարչություն (հասցե` ք. Գյումրի, Խրիմյան Հայրիկի փողոց, 2/14):

Անհրաժեշտ է, որ շահառուն մաքսատուն ներկայանա անձամբ` անձը հաստատող փաստաթղթով, ներկայացնի ժամանակավորապես ներմուծված տրանսպորտային միջոցը, վերջինիս տեխնիկական անձնագիրը, ժամանակավոր ներմուծման ժամանակ կազմված մաքսային մուտքի օրդերը և առկայության դեպքում` տրանսպորտային միջոցին վերաբերելի այլ առկա փաստաթղթերը: