Search
Close this search box.

Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը 77 մլն դրամի ավանդ ունի. Հետք

Վարդան Մանուկյանը Հակակոռուպցիոն կոմիտեում աշխատում է հոկտեմբերի 20-ից: Նա քննչական երկրորդ վարչության քննիչ է: 28 տարեկան է, սակայն հասցրել է խոշոր գումարներ կուտակել: Մասնավորապես՝ Հայաստանի գործող բանկերում 77 մլն դրամ ավանդ է ներդրել:

Վարդան Մանուկյանը 2023թ. նոյեմբերի 14-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագիր:

Ըստ ներկայացրած հայտարարագրի՝ քննիչ Մանուկյանը 6 բանկային ավանդ ունի՝ ընդհանուր 77 մլն դրամ: Ավանդներն առևտրային 4 տարբեր բանկերում են:

Վարդան Մանուկյանը պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ունեցել է մոտ 17 մլն դրամ եկամուտ, որից միայն մոտ 6 մլն դրամը ներդրած ավանդներից ստացված տոկոսագումարներն են:

Ինչ վերաբերում է Վարդան Մանուկյանի դրամական միջոցներին, ապա պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ բանկային հաշիվներում ունեցել է 703 հազ. դրամ: Հայտարարագրել է կանխիկ գումար՝ 6 մլն 800 հազ. դրամ, 12 հազ. 200 ԱՄՆ դոլար և 3 հազ. եվրո:

Քննիչ Մանուկյանն անշարժ գույք չունի, իսկ 2023թ. մայիսին գնել է 2017թ. արտադրության «NISSAN» մակնիշի ավտոմեքենա:

Վարդան Մանուկյանն աշխատել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, ապա Հատուկ քննչական ծառայությունում, Դատախազությունում:

77 մլն դրամ ավանդի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով դիմեցինք Հակակոռուպցիոն կոմիտե: Մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը փոխանցեց, որ Վարդան Մանուկյանն ունեցել է անշարժ գույք, վաճառել է գույքը և այդ գումարն է ներդրել որպես ավանդ:

Նշենք, որ ներկայացված հայտարարագրից չի երևում, թե երբ է քննիչն իրեն պատկանող նման արժեքով գույքը վաճառել, իսկ այդ մասին այլ մանրամասներ մեզ չեն փոխանցվել։ Պաշտոնը ստանձնելու հայտարարագրում միայն գույքի օտարման մեկ գործարքի մասին է նշված, որի արժեքը եղել է 5 մլն դրամ։