Search
Close this search box.

ՖՈՏՈ. Սպшնnւթյnւն՝ Վանաձորում. Սպшնվшծը հայտնի էր քրեական պատմություններով. Ամիսներ առաջ կրшկել էին նրա կնոջ ուղղությամբ

Նոյեմբերի 28-ին, ինքնաձիգի օգտագործմամբ մարտաֆիլմ հիշեցնող սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում. ժամը 23:00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վանաձոր քաղաքի Տիգրանյան 1 հասցեի մոտ կրակոցներ են հնչել, եւ կա տուժած, հաղորդում է Shamshyan.com-ը:

Ոստիկանները նշված շենքի բակի տարբեր հատվածներում հայտնաբերել են ինքնաձիգից կրակված 20-ից ավելի պարկուճներ, իսկ բակում հայտնաբերել են Ford Fusion մակնիշի ավտոմեքենա, որի առջեւի եւ կողային հատվածներում առկա էին կրակոցի 15-ից ավելի հետքեր:

Ավտոմեքենայի սրահում՝ վարորդի նստատեղին, հայտնաբերվել է դի:

Քննիչները պարզել են, որ սպանվածը Վանաձոր քաղաքի Չուխաջյան թաղամասի բնակիչ, 39-ամյա Արման Փերիխանյանն է:

Ոստիկանություն տեղեկություններ էին ստացվել ենթադրյալ սպանություն կատարողի անձի վերաբերյալ եւ ճշտել էին, թե ենթադրյալ կասկածյալը սպանությունը կատարելուց հետո որ ուղղությամբ է գնացել՝ իր հետ տանելով ինքնաձիգը:

Սպանության վայրից մոտ 1.5 կմ հեռավորության վրա ոստիկաններն ու պարեկները սկսել են հետախուզական աշխատանքներ կատարել, ինչի արդյունքում էլ հայտնաբերել են կասկածյալին: Նրանք կարողացել են դուրս գալ կասկածյալի հետքի վրա ու վնասազերծել նրան, ապա տեղափոխել Ոստիկանության Տարոնի բաժին:

Կար վտանգ, որ հնարավոր է՝ նա 2-րդ անգամ գործի դներ ինքնաձիգը, երբ ոստիկաններն ու պարեկները գնում էին իր ուղղությամբ:

Կասկածյալը Վանաձոր քաղաքի բնակիչ, 28-ամյա Կարեն Փիլոյանն է: Նա հայտնել է, որ հանցագործոթյան գործիք ինքնաձիգը մի քանի կմ հեռավորության վրա նետել է չոլերում։

Որոնումների արդյունքում հաջողվել է հայտնաբերել ինքնաձիգը, որը Կ․Փիլոյանը դրել էր պարկի մեջ եւ թաքցրել երկաթե տարայի մեջ:

Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Կասկածյալը ոստիկանության Տարոնի բաժնից ներկայացվել է Քննչական կոմիտե:

Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերի 2-ին Վանաձորում կրակոցներ էին արձակել տեղի հայտնի խանութներից մեկի ուղղությամբ, որտեղ հրազենային վնասվածքներ ստացած կանանցից մեկը սպանված Ա. Փերիխանյանի կինն էր:

Մասնավորապես, սեպտեմբերի 2-ին, ժամը 20:30-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոնից ահազանգ էր ստացվել, որ քաղաքացիների կողմից հրազենային վնասվածքներով իրենց մոտ են բերվել 2 քաղաքացի։
Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ վիրավորները կանայք են, որոնք հիվանդանոց են տեղափոխվել Շիրակացի փողոցից։ Նրանցից մեկը 24 տարեկան էր, մյուսը ՝ 34:

Դեպքի վայրում հայտնաբերվել էին կրակված պարկուճներ և գնդակներ: Դեպքը տեղի էր ունեցել Շիրակացի և Վարդանանց փողոցների խաչմերուկում գործող «Krug» մթերային խանութում, որտեղ հայտնաբերվել էին արնանման հետքեր, ապակիներին և խանութում գտնվող սառնարանների վրա նույնպես կային կրակոցի հետքեր: