Search
Close this search box.

«Ժողովուրդ». Քաղաքապետարանում թեժ կռիվը՝ իրավապահների ուշադրության կենտրոնում. ովքեր են հրավիրվել հարցաքննության

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի Կենտրոնի քննչական բաժին է հրավիրվել Երեւանի ավագանու կին անդամներից մեկը: Տեղեկացանք, որ Երեւանի քաղաքապետարանում կայացած ավագանու սկանդալային նիստում միջադեպի գործով հարցաքննության է հրավիրվել Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանը:

Ավելին՝ մեզ հայտնի դարձավ, որ Սոնա Աղեկյանն այսօր կրկին հրավիրված է Քննչական կոմիտե՝ հարցաքննության: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ քննիչները Աղեկյանին հարցեր են ուղղել, թե ինչից է սկսվել, ով է իր մասին ինչ ասել, ու ինչու է նա ջուր լցրել ավագանու անդամ Անի Խաչատրյանի վրա: Շատ հարցեր դեռեւս կան ավագանու անդամ Սոնա Աղեկյանին տալու, ինչի համար նրան այսօր կրկին կհարցաքննեն: Իսկ ի՞նչ էր արել Սոնա Աղեկյանը քաղաքապետարանում միջադեպի ժամանակ:

Ավագանու անդամ Անի Խաչատրյանը ամբիոնից հնչեցրեց հայտարարություններ, որոնք դահլիճում կրքերը թեժացրին: Ու երբ Անի Խաչատրյանը լքեց ամբիոնը եւ վերադառնում էր նստել իր տեղը, ավագանու անդամ Սոնա Աղեկյանը ջրով լի բաժակը լցրեց նրա վրա, ինչից հետո սկսվեց ողջ կռիվը: Հետաքրքիր է՝ արդյոք կոմիտեն այս միջադեպով մինչեւ վերջ կգնա, ու պատասխանատվության ենթարկվողներ կլինեն, թե Հակակոռուպցիոն կոմիտեի օրինակով Ազգային ժողովում պատգամավորների ծեծկռտուքի դեպքի նման այն կկարճի:

Հիշեցնենք, որ ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ 2023 թվականի նոյեմբերի 11-ին՝ Երեւանի ավագանու հերթական նիստի ժամանակ՝ ավագանու մի քանի անդամների միջեւ առաջացած տարաձայնության ընթացքում, փոխադարձ հարվածներ են հասցվել, որի ընթացքում, հասարակության նկատմամբ դրսեւորելով անհարգալից վերաբերմունք, հնչել են հայհոյանքներ՝ այդկերպ խախտելով քաղաքապետարանի բնականոն աշխատանքը:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելը) եւ 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի (մի խումբ անձանց կողմից հարվածներ հասցնելը կամ բռնի այլ գործողություններ կատարելը) հատկանիշներով։ Կատարվում է նախաքննություն, հանգամանքները պարզվում են»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում