Search
Close this search box.

Հովիկ Աբրահամյանի որդին ձեռնոց է նետում

Արտաշատի նախկին քաղաքապետ, Հովիկ Աբրահամյանի որդին` Արգամ Աբրահամյանը, սեփական գումարներով քաղաք է բարեկարգում. «Բարեկարգ և հարմարավետ Արտաշատ ունենալու իմ տեսլականի շրջանակներում շարունակում եմ անձնական միջոցներով ասֆալտապատել մեր քաղաքի փողոցներն ու բակերը: Իմ ուշադրությունը դեպի Արտաշատն ու արտաշատցին չի նվազելու, քանզի մեր միջև ձևավորվել է փոխադարձ հարգանք ու վստահություն:

Իմ տեսադաշտից դուրս չեն մնալու նաև մեր մարզի գյուղերում կուտակված խնդիրները, որոնք առաջիկայում ստանալու են իրենց կոնկրետ լուծումները»,-ֆեսբուքյան իր էջում գրառել է ԱԺ պատգամավոր Արգամ Աբրահամյանը:

Այլ հարց է թե, երիտասարդ պատգամավորին որտեղից այդքան գումար, որ սեփական միջոցներով է ասֆալտապատում ու այլ աշխատանքներ իրականացնում: Ուշագրավն այն է, որ Արգամ Աբրահամյանը Արտաշատի ու արտաշատցու հանդեպ իր ուշադրությամբ  ձեռնոց է նետում, նոյեմբերին Արտաշատ քաղաքում կայանալիք համայնքի ղեկավարի ընտրության, ոչ յուրային թեկնածուներին: Իսկ Արտաշատ քաղաքում սպասվող ընտրությունը, որը հետաձգվեց մի քանի ամիս՝ զուտ համայնքի ղեկավարի ընտրություն չէ, և վաղուց դուրս է եկել այդ տրամաբանության շրջանակից: Այստեղ քաղաքական ինտրիգն ամեն օր  հասունանում է: Տարիներ շարունակ, Արարատի մարզն իր վերահսկողության տակ պահող Հովիկ Աբրահամյանն այս ընտրությամբ ցույց կտա, որ կամ զենքերը վայր է դնում և ճամպրուկները հավաքում՝ դեպի Գերմանիա է գնում, կամ էլ հակառակը՝ ապացուցում, որ Արարատի մարզում վտակները դեռ զուլալ են, և գոնե Արտաշատ համայնքն իր գյուղերով շարունակում է մնալ Աբրահամյանների տիրապետության տակ:

Ի դեպ, ուղիղ մեկ տարի առաջ էր, որ Հովիկ Աբրահամյանը հրաժեշտ տվեց վարչապետի պաշտոնին, և երբեմնի հարազատ մարզը ենթարկվեց տարբեր փորձությունների, մարզի վրա գրոհեցին ու շարունակում են գրոհել նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն, Արայիկ Գրիգորյանն ու էլի տարբեր տրամաչափի գործիչներ: Մինչև նոյեմբեր`ընտրությունների ավարտ, գրոհն ավելի է թեժանալու, և պայքարի մեջ մտածներն ստիպված կլինեն գոտիներն ամրացնել ու անվտանգության բարձիկներ ստեղծել:

ArmLife.am