Search
Close this search box.

«Հրապարակ». Դիմել են ռուսական կողմին, ռուսական կողմն էլ՝ ադրբեջանցիներին

«Հրապարակ» թերթը գրում է. Ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված Արցախի պատմամշակութային հուշարձանները, եկեղեցիներն ու թանգարանները վտանգված են։ Բաքուն զբաղված է Արցախի հայկական մշակութային ժառանգությունը վերացնելու գործով։ Ադրբեջանի ԱԳ խոսնակ Այխան Հաջիզադեն, արձագանքելով Արարատ Միրզոյանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ում արած հայտարարություններին, ասել է․ «Ադրբեջանի ինքնիշխան տարածքներում գտնվող պատմական եւ կրոնական հուշարձանները հանդիսանում են Ադրբեջանի ազգային մշակութային ժառանգությունը եւ պաշտպանված են՝ անկախ իրենց ծագումից, աշխարհիկ կամ կրոնական պատկանելությունից»։

Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհուրդը թանգարանների վերաբերյալ տվյալներ էր հրապարակել՝ բռնի տեղահանության հետեւանքով ամբողջությամբ կամ մասնակի Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել 8 թանգարան: 2020 թ․ պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ էին մնացել եւս 10 թանգարան` 17070 ցուցանմուշներով, եւ արվեստի գործերի 8 հավաքածու՝ 1077 ցուցանմուշներով: Արցախի ԿԳՄՍ նախկին փոխնախարար, Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհրդի անդամ Լեռնիկ Հովհաննիսյանը մեզ ասաց, որ Արցախում մնացած մշակութային ժառանգությունը պահպանելու մեխանիզմը միջազգային հանրության ճնշումներն են, որը, ցավոք, տեսանելի չէ։ «Ճիշտ է՝ աշխատում են, բայց որեւէ կանխարգելիչ քայլեր դեռ չեմ տեսնում։ Ես թերահավատ եմ եւ չեմ պատկերացնում, թե ինչպես կարող են ադրբեջանցիները պահպանել մեր հուշակոթողները։ Հայկական մշակութային ժառանգության ոչնչացմամբ զբաղվում է Ադրբեջանի ղեկավարությունը։ Պատերից քերվում, հանվում, ոչնչացվում են վիմագիր արձանագրությունները, ավերվում են եկեղեցիներ, տարբեր շինարարական աշխատանքների անվան տակ պղծվում են մշակութային կոթողներ»,- ասաց նա։

Հովհաննիսյանը հիշեցրեց, որ մեկ տարի առաջ ադրբեջանցիներն ավերել են Հադրութի շրջանի Մոխրենես գյուղի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին, որը թվագրվում էր 18-19-րդ դարերով։ «Գերեզմանոցները ոչնչացնելու վերաբերյալ էլ տվյալներ ունենք։ Այն կազմակերպությունները, որոնք կոչված են հակամարտության գոտիներում պահպանել նյութական եւ մշակութային ժառանգությունը, նրանք պետք է քայլեր ձեռնարկեն՝ վանդալիզմը կանխելու համար»,- նշեց նա։ Հովհաննիսյանը տեղեկություններ չունի՝ Հայաստանի պետական կառույցները զբաղվո՞ւմ են Արցախի հայկական մշակութային ժառանգությունը պահպանելու ուղղությամբ, թե՝ ոչ։ Ինքը ՀՀ ԿԳՄՍՆ-ում եղել է, հանդիպել է ոլորտը համակարգողների հետ, տվյալներ է ներկայացրել, «որպեսզի արտաքին ճակատում իրենց գործունեությունը ծավալեն»։ 

Արցախի լիակատար հայաթափումից հետո ադրբեջանական  կողմը տեսանյութ էր հրապարակել, թե իբր ոստիկանությունը շուրջօրյա հսկողություն է սահմանել հայկական եկեղեցիների նկատմամբ։ Ըստ Հովհաննիսյանի՝ դրանով նրանք քողարկում են իրենց վանդալիզմը, որպեսզի մյուս հուշարձանները ոչնչացնեն։ «Ցույց են տալիս, որ պահում են Դադիվանքը, Ամարասը, բայց մյուս կողմից ոչնչացնում են գյուղերի եկեղեցիները, գերեզմանոցները, խաչքարերը, ջնջում են վիմագիր արձանագրությունները։ Դա ընդամենը քող է՝ իրենց դիվային գործողությունները քողարկելու համար»,- հավելեց նա։ Նաեւ նշեց, որ հայտնի չեն կոնկրետ տվյալներ, թե մինչ այս պահը որքան հուշակոթող է ոչնչացվել կամ ենթարկվել վանդալիզմի։ 2020-ից հետո ռուս խաղաղապահների կողմից վերահսկվող Դադիվանքի վանական համալիրը եւս անպաշտպան է։ Հովհաննիսյանը տեղեկություն ունի, որ փակված ռուսական պահակակետերից մեկը գտնվում էր Դադիվանքում։ 

Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն օրերս դիմել է ռուս խաղաղապահներին՝ խնդրելով հանձն առնել Արցախում գտնվող պատմամշակութային հուշարձանների եւ եկեղեցիների պահպանությունը։ Սրբազանն ասաց, որ ի պատասխան իր նամակի՝ ռուսական կողմից գրավոր պատասխանել են, թե հայկական եկեղեցիները պահպանելու համար իրենք դիմել են Ադրբեջանի ոստիկանությանը։ 

«Ադրբեջանցիներն էլ ռուսներին հավաստիացրել են, թե ոստիկաններով կշրջապատեն նշածս եկեղեցիները։ Ցուցակում 10-ից ավելի ամենից կարեւոր եկեղեցիներն ու վանքերն եմ նշել, որոնք ոչ միայն պատմական նշանակություն ունեն, այլեւ գործում էին բոլոր անհրաժեշտ գույքով եւ պարագաներով։ Եթե այդ եկեղեցիները չհսկվեն, կենթարկվեն թալանի»։
Թեմի առաջնորդին վստահություն չեն ներշնչում ադրբեջանական կողմի հավաստիացումները։ Նա տեղեկություն չունի, թե մինչ այս պահը որքան եկեղեցի են պղծել ադրբեջանցիները։ «Բազմիցս ասել եմ՝ դրանց հավատալ պետք չէ, նրանք անում են այն, ինչ արդեն ծրագրել են։ Մենք մեր խնդրանքով դիմել ենք ռուս խաղաղապահներին՝ չենք դիմել ադրբեջանցիներին, մնացածը մնում է նրանց խղճին»։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում ընդգրկված արցախյան եկեղեցիներ չկան, բայց Մայր Աթոռը պատրաստվում է դիմել միջազգային հանրությանը։ «Այսքան տարի չենք դիմել, գոնե հիմա դիմենք։ Մայր Աթոռը դիմելու ընթացակարգ կմշակի, բայց կարիք կա, որ նույնն անի նաեւ Հայաստանի ԿԳՄՍՆ-ն»։