Search
Close this search box.

Ադրբեջանի ԱԳՆ-ն Իրանին կոչ է արել «համապատասխան քայլեր» ձեռնարկել ՀՀ-ում Իրանի դեսպանի հարցազրույցի առիթով

Մենք խստորեն դատապարտում ենք նոյեմբերի 10-ին ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սուբհանիի՝ հայկական ՍիվիլՆեթ հարթակին տված հարցազրույցի ժամանակ հնչեցրած սադրիչ բնույթի անհիմն հայտարարությունները։ Այս մասին ասված է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեի մեկնաբանության մեջ։

Ըստ Հաջիզադեի, «այդ մտքերը խաթարում են ադրբեջանա-իրանական հարաբերությունները, որոնք հիմնված են միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ փոխադարձ հարգանքի վրա, և միևնույն ժամանակ հակասում են նրան, ինչ ասել է Իրանի նախագահը նոյեմբերի 9-ին Տաշքենդում երկու երկրների նախագահների հանդիպման ժամանակ։ Այսպես, նշված հանդիպման ժամանակ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Իբրահիմ Ռաիսին ուրախությամբ նշել էր, որ Ադրբեջանը երկար տարիներ անց ապահովել է իր տարածքային ամբողջականությունը, Ղարաբաղը վերամիավորվել է Ադրբեջանին»։

«Իրանի դեսպանի հայտարարությունները մեր տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ Իրանի նախագահի խոսքերի, ինչպես նաև վերջերս Ադրբեջանի և Իրանի երկկողմ հարաբերությունների զարգացման մեջ նկատվող դրական դինամիկայի ֆոնին, համարում ենք սադրանք։

Մենք ակնկալում ենք, որ Իրանը համապատասխան քայլեր կձեռնարկի դեսպանի արտահայտած տեսակետների հետ կապված, ինչպես նաև կկանխի այնպիսի քայլեր, որոնք համահունչ չեն մեր հարաբերությունների ոգուն»,- հավելել է Հաջիզադեն։

Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին ՍիվիլՆեթին տված հարցազրույցում հայտարարել էր Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների պաշտպանության անհրաժեշտության մասին։

«Մենք ճանաչում ենք Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը միջազգային և ՄԱԿ-ի նորմերին համապատասխան, բայց դա չի նշանակում, որ պետք է ոտնահարվեն այնտեղ գտնվող մարդկանց իրավունքները։ Մենք կարծում ենք, որ Ղարաբաղի ժողովրդի իրավունքները պետք է ապահովվեն, Ղարաբաղի ժողովրդի յուրաքանչյուր ներկայացուցչի իրավունքները պետք է ապահովվեն, նրանք պետք է հնարավորություն ունենան իրացնելու իրենց իրավունքները։ Սա իրողություն է, որը ոչ ոք, այդ թվում՝ Ադրբեջանը, չի կարող անտեսել։

Երբ սկսվեց ղարաբաղյան ճգնաժամը, և ղարաբաղցիները եկան Հայաստան, մի խումբ փախստականներ գտնվում էին Կապանում, ես գնացի և հարցրեցի նրանց, թե ինչու են լքել այդ տարածքը, և նրանք ասացին, որ իրենց կյանքին վտանգ է սպառնում։ Երկիրը, որը մյուսներին իր քաղաքացին է անվանում, պետք է պայմաններ ստեղծի, որպեսզի այդ մարդիկ իրենց ապահով զգան և չլքեն այդ տարածքը, այդ հողը։ Մենք Ղարաբաղի ժողովրդի օրինական և լեգիտիմ իրավունքների ապահովման կողմնակիցն ենք»,- ասել էր նա։

Խոսելով Հայաստանով անցնող ճանապարհների դեպքում միջանցք տերմինի օգտագործման մասին՝ նա նշել էր. «Նրանց հայտարարությունների հետևում գաղտնի մտքեր են թաքնված»։

«Մենք պաշտպանում ենք Հայաստանի անկախությունը, տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանութունը և դեմ ենք այն ամենին, ինչը խախտում է նրա միջազգային սահմանները։ Ինչ վերաբերում է միջանցքին, ապա նշեմ, որ միջազգային գրականության մեջ այն նշանակում է հաղորդակցման ուղի, բայց երբ այն կապված է Հայաստանի հետ, այն ձեռք է բերում հատուկ իրավաբանական նշանակություն։ Նրանք, ովքեր կրկնում են այս բառը, այն օգտագործում են հատուկ իմաստով և գաղտնի մտքեր են թաքցնում իրենց հայտարարությունների հետևում»,- ասել էր դեսպանը։

Դեսպանը վստահեցրել էր, որ Իրանը դեմ չէ տրանսպորտային հաղորդակցության վերականգնմանը, սակայն անընդունելի է համարում Հայաստանի վերահսկողությունից դուրս ճանապարհների առկայությունը։

«Մենք դեմ ենք այն հաղորդակցություններին ու ուղիներին, որոնք դուրս են գալիս Հայաստանի ինքնիշխանության շրջանակներից և կասկածի տակ են դնում Հայաստանի անկախությունը։ Մեր տեսանկյունից՝ անընդունելի է այն ճանապարհը, որը չի գտնվում Հայաստանի վերահսկողության և ինքնիշխանության ներքո»,- ասել էր Մեհդի Սոբհանին։