Search
Close this search box.

Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչ. «Մենք ընդունում ենք, որ սա Հայաստանի ինքնիշխան տարածքն է»

Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը BBC-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում ասել է, որ Բաքուն ճանաչում է Զանգեզուրը որպես Հայաստանի ինքնիշխան տարածք։

BBC-ի հարցին, թե Հայաստանում մտավախություն ունեն, որ Բաքուն ցանկանում է իր վերահսկողության տակ վերցնել Զանգեզուրը, Էլչին Ամիրբեկովը հերքել է նման ծրագրերի առկայությունը։

«Մենք ընդունում ենք, որ սա Հայաստանի ինքնիշխան տարածքն է։ Բայց մեզ համար կարևոր է իմանալ, թե մյուս կողմն ինչպես է ապահովելու միջանցքի երթևեկության անվտանգությունը»,- նշում է Ամիրբեկովը։ «Մեզ պետք են հուսալի երաշխիքներ յուրաքանչյուր ուղևորի անվտանգության համար, ով գնացք է նստում Ադրբեջանի հիմնական հատվածից Նախիջևան կամ հակառակը»։

Ամիրբեկովի խոսքով՝ Բաքուն պատրաստ է բանակցությունների, բայց եթե Հայաստանը որոշի հետաձգել գործընթացը, ապա Ադրբեջանը պատրաստ է երթուղի կառուցել Իրանի տարածքով։

Սահմանների սահմանազատման մասին հարցին ԱՀ նախագահի ներկայացուցիչն ասել է, որ սա շատ ցավոտ հարց է։ Որովհետև խորհրդային տարիներին երկու հանրապետությունների միջև վարչական սահմանը գծվում էր շատ պայմանական. այն ժամանակ ոչ ոք չէր մտածում, որ այն կարող է վերածվել միջպետականի։ Արդյունքում հայաբնակ որոշ սահմանամերձ գյուղեր հայտնվել են ադրբեջանական կողմում և հակառակը։

Ավելին, կան տարբեր խորհրդային քարտեզներ, որոնց վրա սահմանի առանձին հատվածները մի փոքր տարբերվում են։ Թե կոնկրետ ինչպես են կողմերը պատրաստվում բանակցել այս դեպքերում, դեռ պարզ չէ։

«Գլխավոր հարցն այն է, թե երկու կողմերն էլ ունեն բավարար քաղաքական կամք այս հարցը խաղաղ ճանապարհով լուծելու համար։ Մենք ցանկանում ենք նման լուծում գտնել այնքան, որքան ցանկանում ենք առաջընթաց երկկողմ բանակցությունների այլ ոլորտներում։ Ես հավատում եմ, որ որքան շուտ համաձայնեցվի մեր միջեւ սահմանը, այնքան լավ, այնքան քիչ հավանական է, որ ռազմական գործողությունները վերսկսվեն»,- ասում է Ամիրբեկովը։