Search
Close this search box.

Մահման դեպքեր՝ Ստեփանակերտ–Կոռնիձոր ճանապարհին

Ստեփանակերտ–Կոռնիձոր ճանապարհին գրանցվել են մահեր։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գորիսում գտնվող ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Մարդիկ 40 ժամից ավելի ճանապարհին են եղել և այդ ընթացքում գրանցվել են մահեր, ինսուլտի դեպքեր են եղել մեծահասակների շրջանում։ Գիտեք, Կոռնիձոր հասնելու ընթացքը բավականին կրճատվել է և 10 ժամից ավելին չի տևում։ Բռնի տեղահանումը ցավալի հետևանքներ է ունենում, որի ականատեսն ենք մենք լինում։ Մարդիկ հյուծված վիճակում, մի քանի ժամում, թողնում են իրենց ունեցվածքը, անգամ դեղեր չունենալով` ճանապարհ են եկել, խցանումների մեջ են եղել»,– նշել է Ավանեսյանը։

Նա նաև հայտնել է, որ Հայաստանի հիվանդանոցներում Լեռնային Ղարաբաղից տեղահանված ավելի քան 70 քաղաքացիական անձ բուժում է ստանում։

«Նրանց թիվը փոփոխվում է, նրանք 60-70-ից ավելին են և սա միայն քաղաքացիական բնակչության շրջանում եղած անձինք են։ Նրանք ունեն սրտանոթային և մի շարք այլ հիվանդություններ»,– նշել է Ավանեսյանը։

«Հիմա շատ կարևոր է, որպեսզի մեր հայրենակիցներն իրենց տեղակայման վայրերում դիմեն պոլիկլինիկաներ, կցագրվեն և այնտեղ ստանան իրենց բժշկական ծառայությունները»,– ասել է նա։

Հիշեցնենք՝ Արցախից բռնի տեղահանված 88 հազար 780 անձ ժամը 10։00-ի դրությամբ հասել է Հայաստանի Հանրապետությունուն։