Search
Close this search box.

ԼՂ բնակիչները պետք է հնարավորություն ունենան. ինչ են ասում Պետդեպից

Լեռնային Ղարաբաղի բնակիչները պետք է հնարավորություն ունենան անարգել հեռանալու տարածաշրջանից, իսկ ցանկության դեպքում` վերադառնալու այնտեղ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։

«Կարևոր է, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչները կարողանան ինքնուրույն որոշում կայացնել հեռանալ, եթե ցանկանում են, և հնարավորություն ունենալ վերադառնալ, եթե ցանկանում են»,-ասել է նա:

Մեթյու Միլլերը նշել է, որ ԱՄՆ-ն, ինչպես և նախկինում, մտահոգված է տարածաշրջանում հումանիտար իրավիճակով և կոչ է անում ապահովել Լեռնային Ղարաբաղում մարդասիրական օգնության անարգել հասանելիությունը:

Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։

Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Սեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, ապա սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։