Search
Close this search box.

Ինչ է փոխանցում ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը՝ Հայաստանի ժողովրդին

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը շնորհավորել է Հայաստանին Անկախության օրվա առթիվ։

Պետդեպարտամենտի կայքում հրապարակված շնորհավորական ուղերձում նա ԱՄՆ անունից իր բարեմաղթանքներն է հղել Հայաստանի ժողովրդին։

«Հայաստանն ընտրեց ազատության ու ինքնիշխանության ճանապարհը, երբ 1991 թվականին հռչակեց իր անկախությունը Խորհրդային Միությունից։ Այդ ժամանակվանից ի վեր մենք ականատեսն ենք եղել ձեր հավատարմությանը ժողովրդավարական արժեքներին, մարդու իրավունքների, օրենքի գերակայության, տնտեսության և արդարության զարգացմանն ու ամրապնդմանը՝ հանուն բոլոր հայերի։ Այս արժեքներն արտացոլում են մեր սեփական արժեքները, և մենք հպարտ ենք այս ոլորտներում համագործակցել Հայաստանի հետ։

Մենք շարունակելու ենք աջակցել հայ ժողովրդի ժողովրդավարական ձգտումներին, ինքնիշխանությանն ու անվտանգությանը։ Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը, և շարունակում ենք հանձնառու լինել՝ ապահովելու տևական ու արժանապատիվ խաղաղություն Հարավային Կովկասի տարածաշրջանի համար, որտեղ հարգված են բոլորի իրավունքները»,- ասվում է ուղերձում։

Պետքարտուղարը պատրաստակամություն է հայտնել շարունակել աշխատել երկկողմ հարաբերությունների ու տնտեսական կապերի զարգացման ուղղությամբ՝ հայ ժողովրդին մաղթելով բարգավաճ և խաղաղ տարի։