Search
Close this search box.

«Ժողովուրդ». Լիլիթ Մակունցը ցանկ է տրամադրել Փաշինյանին. թիմակիցները լարվել են

Էժան ավիատոմսեր դեպի Եգիպտոս և Դուբայ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շատ անդամներ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի հետ լարվել են: Բանն այն է, որ Մակունցը ԱՄՆ տեղափոխվելուց հետո կապը կտրել է բոլոր ՔՊ-ականների հետ. ինչպես իշխանական մեր աղբյուրներն են պատմում, եթե նախկինում որեւէ հարց էր լինում, դիմում էին Լիլիթ Մակունցին, նա անպայման ընդառաջում էր թիմակիցներին, կատարում էր նրանց խնդրանքը, բայց հիմա Մակունցն այլեւս առաջվանը չէ:

Նախկին խմբակցության անդամների հետ չի շփվում, անգամ շատերի զանգերին չի պատասխանում, միայն իշխանական վերնախավի հետ է շփվում, ավելի կոնկրետ՝ Նիկոլ Փաշինյանի, նրան է զեկուցում ամեն ինչ, նրանից է հրահանգներ ստանում, Արարատ Միրզոյանի հետ շփվում է ի պաշտոնե՝ որպես արտգործնախարարի: Սրանից ՔՊ-ականները խիստ վրդովվել են, ասում են, որ երբ աշխատանքային այցով տարբեր երկրներ են գնում, դեսպանները գրկաբաց ընդունում են իրենց, ուղեկցում ժամանցի վայրերով, խանութներով, մինչդեռ Մակունցը շատ դեպքերում չի դիմավորում, սառն է:

ՔՊ-ականների համար տարօրինակ է Լիլիթ Մակունցի այս պահվածքը, քանի որ նա թիմում այն քչերից է եղել, որ բոլորի հետ լավ հարաբերություններ է ունեցել, մինչդեռ հիմա դարձել է արհամարհող: Պարզվում է՝ Մակունցի հետ իշխանականների հարաբերությունների լարումը այլ՝ ավելի խորը պատճառներ ունի: «Ժողովուրդ» օրաթերթն այս տեղեկությունը ճշտելու համար փորձեց կապ հաստատել Լիլիթ Մակունցի հետ՝ ուղարկելով պաշտոնական գրություն այն մասին, թե ՀՀ Ազգային ժողովից, ՀՀ կառավարությունից կամ այլ գերատեսչություններից, պետական կառույցներից ովքեր են դիմել ամերիկյան «GreenCard» ստանալու համար, եւ արդյոք ճիշտ է այն տեղեկությունը, թե Մակունցը, տեղյակ լինելով այս ցանկում ներառված անձանց մասին, ցուցակը փոխանցել է Նիկոլ Փաշինյանին՝ տեղեկացնելով, թե կոնկրետ քանի պաշտոնյա է դիմել խաղարկային ձեւով վիզա ստանալու եւ Հայաստանը լքելու համար:

Շուրջ մեկ ամիս սպասելով պատասխանի Լիլիթ Մակունցից, պարբերաբար նրա էլեկտրոնային հասցեին հիշեցումներ ուղարկելով՝ միեւնույնն է, արժանացանք նույն լռությանը, ինչ ՔՊ-ական շատ պատգամավորներ: «Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց նաեւ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հետ՝ ճշտելու, թե ՀՀ Ազգային ժողովից, ՀՀ կառավարությունից կամ այլ գերատեսչություններից, պետական կառույցներից ովքեր են դիմել «GreenCard» ստանալու համար, սակայն մեզ տեղեկացրին, որ դա փակ տեղեկություն է, եւ իրենք իրավասու չեն տրամադրելու:

Այսպիսով, իշխանական շատ գործիչներ այս շրջանում շատ են դիմում ԱՄՆ վիզա ստանալու կամ «GreenCard» շահելու համար, եւ երբ ցանկը Մակունցը տրամադրել է Փաշինյանին, թիմը լարվել է նրա դեմ»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում