Search
Close this search box.

Քննչական կոմիտեն՝ Միկա Բադալյանի ու ևս 6 հոգու ձերբակալության մասին

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում շարունակվում է՝ Գորիս համայնքի Վերիշեն բնակավայրի բնակչի կողմից, նախնական համաձայնությամբ, մի խումբ անձանց հետ իրացնելու նպատակով ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելու, պահելու և իրացնելու դեպքի առթիվ 2023թ. օգոստոսի 24-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

ԱԱԾ ծառայողների կողմից իրականացված օպերատիվ- հետախուզական միջոցառումների, համալիր քննչական գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել հանցավոր գործունեության շղթայում ներգրավված 7 անձի վերաբերյալ, ովքեր, առերևույթ հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, 2023թ. սեպտեմբերի 6-ին և 7-ին ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձերբակալվել և ներկայացվել են վարույթն իրականացնող մարմին, որոնցից երկուսը՝ հրազեն ու ռազմամթերք ապօրինի կերպով իրացնելու պահին:

Վարույթն իրականացնող մարմինը որոշումներ է կայացրել վերը նշված անձանց ձերբակալելու մասին:
Նախաքննության ընթացքում կատարվել են դեպքի վայրի զննություն, հարցաքննություններ, բնակարանների և տրանսպորտային միջոցի խուզարկություններ, որի արդյունքում առգրավվել են «AK» տեսակի ինքնաձիգ, մարտական փամփուշտներ, նռնակներ, նռնակի պայթուցիչներ, ատրճանակներ, սվին դանակներ, տարբեր տեսակի ու ռազմական նշանակության գույք, կանեփ տեսակի բույսի թփեր։ Նշանակվել են դատաձգաբանական և դատաքիմիական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհետաձգելի միջոցառումներ՝ զենք-զինամթերքի ձեռք բերման աղբյուրը, նպատակները պարզելու, նշված անձանց գործողություններին իրավական գնահատական տալու ուղղությամբ: