Գորիսում բերման են ենթարկել Միկա Բադալյանին, Sputnik Արմենիայի սյունակագրին

Բլոգեր Միկա Բադալյանին և Sputnik Արմենիայի ռադիոյի սյունակագիր Աշոտ Գևորգյանին երեկ Գորիսում բերման են ենթարկել։ Տեղեկությունը հայտնում է «Sputnik Армения»-ն:

Նրանք այժմ գտնվում են Քննչական կոմիտեում, սակայն ձերբակալության պատճառը դեռևս չի հաղորդվում։

ԶԼՄ-ն հայտնում է, որ Աշոտ Գևորգյանը մեկնել էր Սյունիք սահմանամերձ բնակավայրերի մասին ռադիոնյութեր պատրաստելու համար։ Նրա հաղորդումներում 2020-ի պատերազմում պարտությունից հետո սուր-քննադատական գնահատականներ կան։

Լրագրողի ու բլոգերի ձերբակալությունը մեծ արձագանք է գտել ռուսական ԶԼՄ-ներում, թեմային անդրադարձել է նաեւ ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, որը այն որակել է սադրանք։

«Սա նրանց սադրանքն է, որոնք ուզում են փչացնել հարաբերությունները երկու երկրների միջև, Արևմուտքը մեծ գումարներ է ներդրել դրա մեջ»,- գրել է Զախարովան թելեգրամի իր ալիքում։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նաև նշել է, որ չի հավատում, որ համընդհանուր ազատության կարգախոսներով իշխանության եկած Հայաստանի ղեկավարությունը հետապնդում է լրագրողներին։