Search
Close this search box.

Արցախի նոր պետնախարարն ունի կամք, պայքարի եռանդ, երբեք չի պարտվել, մինչև վերջ կռվելու նպատակ ունի. Տիգրան Աբրահամյան

Արցախին սատարելու և օժանդակելու համար պետք է հստակ հասկանալ, թե ինչ է այսօր կատարվում Արցախում: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Ազատության հրապարակում ընդդիմության հանրահավաքում իր ելույթում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, ՀՀԿ անդամ Տիգրան Աբրահամյանը:

«Առանց այն էլ իրավիճակը աննկարագրելի բարդ էր, դրան գումարվել է այս պայմաններում Արցախի նախագահի հրաժերականը: Արդյո՞ք այդ հրաժարականը հասունացել էր, ես կասեի շատ վաղուց, սակայն ակնհայտ է, որ հրաժարական տալու առավել նպատակահարմար ժամանակները արդեն բաց ենք թողել: Մի բան է, որ այդ հրաժարականը լինել 44-օրյա պատերազմի 1-2 ամիս հետո, երբ իրավիճակը հարաբերականորեն կայուն էր, լրիվ այլ բան է հիմա»,- ասել է նա:

Ըստ Աբրահամյանի Արցախում կառավարությունը խաթարվել է, պետական մեքենան կարծես կանգ է առել, իսկ իշխանության, ավելի կոնկրետ նախագահի հանդեպ հանրային վստահությունը պատմական նվազագույնի էր հասել:

«Անկախ այն հանգամանքից, թե ինչ կարծիքներ հնչեցին Արցախի պետնախարարի պաշտոնում Սամվել Շահրամանյանին նշանակելու և առաջիկայում նրա թեկնածությունը նախագահի պաշտոնում ներկայացնելու վերաբերյալ, պետք է նշել, որ Շահրամանյանը այն քչերից է, ով ի սկզբանե նման ամբիցիաներ չի դրսեւորել, իրեն պաշտոնների համար այսկողմ-այնկողմ չի հրել: Հաշվի առնելով նրա սկզբունքային կերպարը, պտական, ուժային համակարգում ունեցած փորձն ու հեղինակությունը, ինչպես նաեւ պետականամետ ու ազգային վարքագիծը, քաղաքական հիմնական ուժերի միջեւ նախ լուռ, ապա քննարկումների արդյունքում քաղաքական կոնսենսուս է ձեւավորվել: Փաստ է, որ Շահրամանյանն ունի կամք, պայքարի եռանդ եւ որ ամենակարեւոր գործոններից է, ոչ միայն չիպարտվել, այլեւ մինչեւ վերջ կռվելու նպատակ ունի»,-ասաց Աբրահամյանը:

Նա նաեւ ընդգծեց, որ Արցախը ոչ մի նպատակի չի հասնի, եթե երկրի ներսում չչեզոքացվի ներքին ցնցումների ռիսկը, որն այս պահին ունի օբյեկտիվ ու սուբյեկտիվ հիմք. «Ամեն գնով, եթե պետք լինի կոշտ միջոցներով պետք է ապահովել Արցախի ներքին անվտանգությունը: Առանց ներքին ու արտաքին անվտանգության ամուր հիմքի ոչ Արցախի հետ բանակցող կլինի, ոչ լսող կլինի, կամ էլ պետք է լուռ գլուխներս կախ գնանք բանակցությունների ու ստորագրենք մեզ դեմ տված ցանկացած փաստաթուղթ:

Հաջորդը, պաշտոնակռիվը չպետք է տեղ ունենա մեր մեջ՝ լինի Արցախում, թե Հայաստանում: Պաշտոններ քաշքշելու, իրար տակից թոռ տանելու պրակտիկան պետք է արմատախիլ անել: Ցանկացած նշանակման մեջ պետք է լինել զգույշ ու հաշվենկատ»,-ընդգծեց ընդդիմադիր գործիչը:

Ինչ վերաբերում է բանակցություններին, նա ասաց. «Եվ ներսից, եւ դրսից, շատ է խոսվում այն մասին, որ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը դատավճիռ է, ինչի հետ պետք է հաշտվել: Երբեք:

Մեր այն միջազգային գործընկերները, որոնք հայտարում են, որ Հայաստանը ճանաչել է Արցախն Ադրբեջանի կազմում, ուզում եմ շատ հստակ ասել՝ ո՛չ, Հայաստանը չի ճանաչել, նման բան հայտարարել է Հայաստանի վարչապետի պաշտոն զբաղեցնող անձը, իսկ այդ բանավոր հայտարարությունը որեւէ իրավական ուժ չունի»: