Search
Close this search box.

«Հրապարակ». Արցախը՝ փոփոխությունների շեմին

«Հրապարակ» թերթը գրում է. «Եթե, իր խոստման համաձայն, Արայիկ Հարությունյանն այսօր Արցախի ԱԺ-ին ներկայացնի հրաժարականի դիմումը, ապա այն ուժի մեջ կմտնի եռօրյա ժամկետում: Ապա 7-օրյա ժամկետում ԱԺ խմբակցությունները թեկնածուներ կառաջադրեն, եւ խորհրդարանը նոր նախագահ կընտրի։ Կընտրվի այն թեկնածուն, որին կողմ կքվեարկեն ընտրությանը մասնակցածները կեսից ավելին:

Եթե քվեարկվել է երկուսից ավելի թեկնածու, եւ նրանցից ոչ մեկին կողմ չի քվեարկել կեսից ավելին, 14 օրից կկայանա երկրորդ փուլը, որին կարող են մասնակցել այն 2 թեկնածուները, որոնք առավելագույն ձայներ են ստացել: Երկրորդ փուլում ընտրվում է այն թեկնածուն, որն ավելի շատ ձայն է ստացել: ԱՀ խորհրդարանում կարծում են, որ գործը երկրորդ փուլին չի հասնի։ Իսկ մինչ նոր նախագահ ընտրելը, երկրի նախագահի լիազորությունները կկատարի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, վերջինիս լիազորությունները՝ ԱԺ նախագահի պաշտոնում, կիրականացնի տեղակալը։ Երեկվա դրությամբ ամենահավանական եւ, կարելի է ասել, կոնսենսուսային թեկնածուն Սամվել Շահրամանյանն էր համարվում, ով երեկ ԱԽ քարտուղարի պաշտոնից ազատվեց եւ պետնախարար նշանակվեց։

Թեպետ վերջերս լուրեր կային, որ Նիկոլ Փաշինյանն Արցախի նախագահի պաշտոնին տեսնում է Մասիս Մայիլյանին: Թե ով կնշանակվի պետնախարար եւ ԱԽ քարտուղար, դեռեւս պարզ չէ: Այդ նշանակումները նախագահի լիազորությունների մեջ են մտնում։ Հիշեցնենք, որ դեռ ամիսներ առաջ Արայիկ Հարությունյանը նախաձեռնեց Սահմանադրության փոփոխություններ, եւ ընդունվեց նորմ, որով ռազմական դրության ժամանակ հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում ԱԺ-ն է ընտրում նախագահ, այլ ոչ թե ժողովուրդը։ Քանի որ նախագահի հրաժարականի դեպքում պետք է լուծարվեր նաեւ խորհրդարանը, ինչն այս իրավիճակում կհանգեցներ պետական ինստիտուտների կազմաքանդման»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում