Search
Close this search box.

Արցախի նախագահը երաշխավորում է, որ Ադրբեջանի կողմից առևանգված երիտասարդները շուտով Ստեփանակերտում կլինեն

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը երաշխավորում է, որ Ադրբեջանի կողմից առևանգված երեք երիտասարդները շուտով կլինեն Ստեփանակերտում։

Արայիկ Հարությունյանն այս մասին հայտարարել է Արցախի Ազգային ժողովում հասարակական, քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ կայացած քննարկումից հետո՝ դիմելով ԱԺ-ի դիմած ինքնաբուխ հանրահավաքի մասնակիցներին։

«Հուսադրող որոշակի լավ բաներ ունեմ։ Ես առաջին հերթին կփորձեմ կապ ստեղծել, որպեսզի խոսեմ մեր բալիկների հետ, և ստանամ հստակ օր, որ նրանք տեղ են հասնելու։ Դա երկար չի տևելու։ Եվ անձամբ իրենք (առևանգված երիտասարդների ծնողները) կլսեն այն պաշտոնյայի անունը, ով բերելու և մեր բալիկներին թողնելու է Ստեփանակերտում։ Ես դա երաշխավորում եմ»,- ասաց Հարությունյանը։

Նա առևանգված երիտասարդների ծնողներին կոչ արեց օգոստոսի 29-ի առավոտյան լինել Արցախի նախագահական նստավայրում՝ նշելով, որ դրանից են կախված հետագա քայլերը։

Օգոստոսի 28-ին Լաչինի միջանցքում տեղադրված ապօրինի անցակետում Ադրբեջանի իրավապահ մարմինների կողմից առևանգվել էին Լեռնային Ղարաբաղի բնակիչներ Ալեն Սարգսյանը, Վահե Հովսեփյանը և Լևոն Գրիգորյանը։ Ավելի ուշ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, թե երիտասարդները ձերբակալվել են Ադրբեջանի դրոշն անարգելու համար։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը նշել էր, որ երիտասարդների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում են կայացրել, նրանք 10-օրյա կալանքից հետո «կարտաքսվեն Ադրբեջանի տարածքից»։