Search
Close this search box.

«Ժողովուրդ». Պատգամավորի որդի, թաղապետ, փոխթաղապետ. ովքեր են ներառված ՔՊ-ի ցուցակում

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու ցուցակն աչքի է ընկնում իր բազմազանությամբ եւ խայտաբղետությամբ. ցուցակում ընդգրկված են ոչ միայն պաշտոնյաներ, տարբեր ոլորտի ներկայացուցիչներ, այլեւ ՔՊ-ական պատգամավորների ազգականներ:

«Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով կուսակցության ընտրական ցուցակը, նկատեց, որ ցուցակում տեղ է գտել ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդին՝ Հովսեփ Աղազարյանը, որը նախկինում Աջափնյակի փոխթաղապետի պաշտոնն էր զբաղեցնում, սակայն Հրաչյա Սարգսյանի պաշտոնավարման օրոք նրան ազատեցին աշխատանքից:

Հովսեփ Աղազարյանը տարբեր պաշտոններ է զբաղեցրել այս ընթացքում: Նա հեղափոխությունից հետո աշխատանքի էր անցել Աջափնյակ համայնքի իրավաբանական վարչությունում, իսկ 2020թ.-ին 37 դիմողից ընտրվել էր մաքսային տեսուչ՝ «Զվարթնոց» օդանավակայանում, արդեն 2021թ.-ին նշանակվել էր Աջափնյակի փոխթաղապետ: Պատգամավորի որդին ՔՊ-ի անբաժանելի մասն է դարձել, ամենուր շրջում է նրանց հետ, աջակցում ու պաշտոն ստանում:

ՔՊ-ի ավագանու ցուցակում է նաեւ կուսակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի օգնականը՝ Նատալի Սինորյանը։

ՔՊ ցուցակի 34-րդ համարը Երեւանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանն է:

ՔՊ ցուցակում ընդգրկված է նաեւ մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը. նա ցուցակում 136-րդ համարն է: Հիշեցնենք, որ Գոռ Քլոյանի քույրը՝ Անուշ Քլոյանն էլ էր նախորդ ավագանիում ընդգրկված, բայց վերջերս ԱԺ պատգամավորի մանդատը վերցրեց:

Ցուցակի 155-րդ համարը «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ղեկավար Արմեն Բեգոյանն է, ցուցակում է նաեւ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ հասարակական հիմունքներով խորհրդական Արշակ Օրդուխանյանը»:

Ամբողջությամբ հոդվածը՝ թերթի այսօրվա համարում