Search
Close this search box.

Աշխարհի լավագույն հայազգի արյունաբանները մեկ հարկի տակ՝  Համահայկական Արյունաբանական Սիմպոզիում

Երկու տարին մեկ, արդեն 3-րդ անգամ, Հայաստանի Արյունաբանական ասոցիացիան կազմակերպում է Համահայկական Արյունաբանական Սիմպոզիում, որի նպատակն է  մեկ հարկի տակ համախմբել Ամերիկայի, Եվրոպայի և Ռուսաստանի լավագույն և կայացած արյունաբանական հիվանդանոցների մասնագետներին, բժիշկներին և  գիտնականներին: Սիմպոզիումում ներկա մասնագետներից շատերը մեր հայրենակիցներն էին և սա շատ լավ առիթ ու հնարավորություն էր իրենց գիտելիքները, փորձն ու հնարավորությունները ծառայեցնել ի բարօրություն իրենց հայրենիքի:

Երևանում կայացած 3-րդ Համահայկական Արյունաբանական Սիմպոզիումին ներկա էին ամերիկյան, եվրոպական, ռուսաստանյան արյունաբանական ոլորտի լավագույն փորձագետները, որոնք հավաքվել էին խոսելու արյունաբանական արդի խնդիրների մասին, լսելու արևմտյան գործընկերների փորձի, բուժման և ախտորոշման նոր մեթոդների, նրանց հայտնագործությունների և հաջողությունների մասին: Սա նաև լավ առիթ էր  հայաստանյան բժիշկների համար, ներկայացնել ոլորտում իրենց հաջողություններն ու այն դժվարությունները, որոնք ունենում են այս կամ այն հիվանդության ախտորոշման և բուժման ժամանակ:

Սիմպոզիումում ներկա արյունաբան-մասնագետները ոլորտի համար համարվում են «բանալի մարդիկ», ասում է Արյունաբանական ասոցիացիայի նախագահ Երվանդ Հակոբյանը. «Ամերիկայում և  Եվրոպայում բժշկությունը առաջ է գնում շատ արագ տեմպերով, և այդ առումով նրանք միշտ մի քանի քայլ առաջ են մեզանից: Իսկ այսպիսի առիթները լավ հնարավորություն են ինֆորմացիա ստանալ «առաջին ձեռքից: Բացի այդ, նրանցից շատերը գիտնականներ են, զբաղվում են գիտությամբ, և մենք այս առումով ևս ստանում ենք նոր ու թարմ տեղեկություններ, որոնք այլ երկրների մասնագետները գուցե և ստանան մի քանի ամիս հետո»:

Այսպիսի մասնագիտական հանդիպումները լավ առիթ են հայ մասնագետների համար ոչ միայն ծանոթանալ  իրենց գործընկերների գիտական հետազոտություններին, դեղերի փորձարկումների մասին նրանց հոդվածներին, այլ նաև համատեղ իրականացնել գիտական աշխատանքներ, որն էլ թույլ կտա մեր հիվանդների համար  իրականացնել ճշգրիտ և արդյունավետ բուժում, ասում է պարոն Հակոբյանը. «Հույս ունեմ, որ մոտ ապագայում Հայաստանում կունենանք կլինիկակական հետազոտություններ, որոնք թույլ կտան նոր դեղամիջոցներով իրականացնել բուժումներ, ինչպես նաև աշխարհահռչակ ամսագրերում տպագրել մեր կատարած գիտական աշխատանքները: Սա շատ լավ ճանապարհ է ապացուցելու, որ մենք Հայաստանում ունենք համարժեք արյունաբանություն, և որ մեր մասնագետները համարժեք են արտասահմանյան մասնագետներին»:

Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը ևս մեծ հույսեր է կապում այսպիսի սիմպոզիումների և հանդիպումների հետ, քանի որ շփվելով միջազգային փորձի հետ, ևս մեկ անգամ համոզվում է, որ հաշվի առնելով Հայաստանում առկա պայմանները Արյունաբանական կենտրոնը վստահորեն իրականացնում է իր առջև դրված բոլոր խնդիրները. «Արյունաբանությունը համարվում է բժշկության լոկոմոտիվը, և մեր կենտրոնի բժիշկներն անում են հնարավորն ու անհնարինը յուրաքանչյուր պացիենտի համար: Այս չափազանց ծանր աշխատանքը նրանք պատվով են կատարում և սա միայն իմ կարծիքը չէ»:

Ամերիկայի Միացյալ Նահանգներից ժամանած մեր հայրենակից պրոֆեսոր Տիգրան Կազանչյանը այսպիսի հանդիպումները կարևորում է ոչ միայն այն առումով, որ արյունաբանության միջազգային լավագույն փորձը բերվում է Հայաստան, այլ որ իրենք  են կարողանում որևէ օգնություն ցուցաբերել հայրենիքում արյունաբանության   ոլորտին. «Ես ավելի շատ մասնագիտացած եմ արյան քաղցկեղի ճյուղում, բայց կատարում եմ նաև գիտական հայտնագործություններ, որոնց փորձի մասին տարվա ընթացքում օնլայն և օֆլայն հանդիպումների ընթացքում  տեղեկացնում եմ իմ հայ գործընկերներին, այսինքն իմ հնարավորության սահմաններում փոխանցում եմ իմ գիտելիքներն ու փորձը իմ  հայրենակիցներին»:

Պրոֆեսորը Հայաստանում առաջին անգամ եղել է 20 տարի առաջ, երբ դեռ ուսանող էր: Ասում է՝ շատ բան է փոխվել: Նոր սերունդը այսօր բաց է համագործակցության, նորը սովորելու և նոր մեթոդներով աշխատելու համար:

Այս ուղղությամբ գործնական քայլեր արդեն իսկ կատարվել են: Հայաստանի երիտասարդ արյունաբաններից մեկը այս պահին Միացյալ Նահանգների լավագույն արյունաբանական կենտրոններից մեկում անցնում է ցողունային փոխպատվաստման մասին շատ կարևոր վերապատրաստում, պատմում է Ցողունային բջիջների փոխպատվաստման  ծրագրի տնօրենն, ԱՄՆ «Մոֆիթ» կենտրոնի ղեկավար Նելլի Բեջանյանը:  «Երբ այդ մասնագետը վերադառնա Հայաստան, արդեն պատրաստ կլինի սուր լեյկոզով հիվանդների բուժումը իրականացնել առողջ դոնորներից  ցողունային բջիջների փոխպատվաստում առաջարկելով: Այսպիսի բան, ցավոք սրտի, դեռ Հայաստանում չի կատարվում, բայց շուտով այդ  հնարավորությունը կունենան նաև մեր հայրենակիցները»: Տիկին Բեջանյանին ոգևորում է այն գաղափարը, որ ինքը իր փորձով և գիտելիքներով կարողանում է օգտակար լինել Հայաստանին ու հայերին:

«Մեր սովորելու և պրակտիկ գործունեության տարիներին այսօրվա հյուրերի աշխատանքներն ենք կարդացել, ցիտել են իրենց մեզ դասավանդողները ու մեզ հետ սովորողները թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում։ Այնքան ոգևորող է տեսնել իրենց աշխատանքը մեր լոկալ զարգացման մեջ, հատկապես երբ արյունաբանության մեջ գլոբալ առումով տեսնում ես յուրաքանչյուր մասնակից էքսպերտի հսկայական ու ծանրակշիռ դերը,- մեզ հետ զրույցում նշեցին Արյունաբանների հայկական ասոցացիայի երիտասարդ թևի ղեկավար Լուսինե Հարությունյանը և երիտասարդ հետազոտող Արտեմ Օգանեսյան:

Սիմպոզիումի ամբողջ ընթացքը ուղեկցվում էր ակտիվ և հետաքրքիր երկխոսությամբ, արդյունավետ քննարկումներով, որը հնարավորություն տվեց հայ արյունաբաններին զինվել  բուժման նոր մեթոդներով և կիրառել դրանք իրենց բուժման կուրսերում: