Search
Close this search box.

Ինչու է ՔՊ-ն խաչակրաց արշավանք սկսել Ալավերդի համայնքի ընդդիմադիր ղեկավարի նկատմամբ. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Գրել էինք, թե ինչու է ՔՊ-ն խաչակրաց արշավանք սկսել Ալավերդի համայնքի ընդդիմադիր ղեկավար Արկադի Թամազյանի դեմ, որն «Ապրելու երկիր» կուսակցությունից է։

Նաեւ՝ որ համայնքապետարանում ստուգումները սկսվել են Լոռվա մարզպետ Արամ Խաչատրյանի` Ալավերդի կատարած այցից հետո, երբ Թամազյանը հրաժարվել է ուղեկցել ՔՊ-ի թիմին։ Պարզվում է՝ ՔՊ-ական պատգամավոր Արեն Մկրտչյանը, ով ընտրություններում իշխանության թեկնածուն էր, բայց պարտվեց, Թամազյանի հետ շատ լարված հարաբերություններ ունի։

Իսկ մարզպետն Ալավերդի շրջայցի է գնացել Արենի եւ մի քանի տասնյակ ՔՊ-ականների ուղեկցությամբ: Այդ պատճառով է համայնքի ղեկավարը հրաժարվել շրջայցին մասնակցել: Եվ քանի որ այս իշխանությունը քրեական հետապնդումից բացի այլ գործիքակազմ չունի, մարզպետն անմիջապես ստուգումներ է նախաձեռնել Ալավերդիում, եւ սկսվել է նրա նկատմամբ արշավը։

Երեկ տեղեկացանք, որ շրջայցի օրը Թամազյանը մի հարված էլ է հասցրել Արամ Խաչատրյանին։ Ալավերդուց վերադառնալուց հետո նույն գիշեր մարզպետը զանգահարել է քաղաքապետին եւ խնդրել համայնքի տարածքներից մեկն առաջիկա օրերին տրամադրել, որ կուսակցական ժողով անցկացնի։ Թամազյանն ասել է, որ դրա համար սահմանված ընթացակարգ կա․ առաջարկել է դիմել, կքննարկեն եւ որոշում կկայացնեն։ Սա խոցել է ՔՊ-ական բդեշխի ինքնասիրությունը:

«Օրենքով սահմանված կարգ գոյություն ունի, նախ պետք է դիմել համայնքին՝ ցանկացած միջոցառում անցկացնելու համար, դրանից հետո քննարկվում է, եթե հնարավոր է տրամադրել, տրամադրվում է, ոչ` ապա մերժվում է։ Որեւիցե մեկը՝ կլինի մարզպետ, համայնքի ղեկավար կամ անհայտ քաղաքացի, օրենքից դուրս չէ։ Ինքը դրանից նեղվեց, դրանից հետո կուսակցական ժողով արեցին դպրոցում, դպրոցը մարզպետարանի ենթակայության տակ է»,- մեր տեղեկությունը հաստատեց Արկադի Թամազյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում